Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, մայիսի 23-24-ին, անցկացվել են սեպտեմբերին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման ու անցկացման նպատակով ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ շտաբի ներկայացուցիչների երկրորդ շտաբային բանակցությունները:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության վերջնական մտահղացման հիմունքներն ու անցկացման ընդհանուր կարգը, ներգրավվող ուժերի կազմն ու միջոցները, դրանց նյութական, բժշկական ու ֆինանսական ապահովման կարգը, ինչպես նաեւ զորավարժության ընթացքում ԿԽՄԿ-ի մասնակցության եւ միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի կիրառման հարցերը:

Բանակցությունների մասնակիցներն այցելել են նաեւ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան` տեղազննում անցկացնելու նպատակով, ծանոթացել են ուսումնական կետերի, ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Բանակցությունների ավարտին ստորագրվել է արդյունքների մասին արձանագրություն: