Իրանում ատոմային ռումբի առանցքային տարրերի փորձարկումների անցկացման մասին տեղեկատվությունն ունի քաղաքական նպատակներ եւ տեղեկատվական պատերազմի մասն են: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հայտնում է AFP-ն:

Նրա խոսքով, նման հրապարակումները «Արեւմտյան սցենարի» մի մասն են: Նման տեղեկություները, ըստ ներկայացուցչի, չեն համապատասխանում իրականությանը եւ նպատակ ունեն ճնշում բանեցնել Իրանի վրա: Համենայն դեպս, նման մոտեցումն անթույլատրելի է:

«Այդ մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան զանգվածային լրատվամիջոցների մոտեցում, որ հետապնդում են իրենց քաղաքական նպատակները եւ փորձում են քարոզչական պատերազմը օգտագործել հոգեբանական ճնշման համար»,-նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ The Times թերթը գրել էր, որ Իրանում նեյտրոնային ինիցիատորի՝ ատոմային պլուտոնային ռումբի ավարտման համար անհրաժեշտ առանցքային տարրերից մեկի, փորձարկումներ են արվել: