«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Երեւանի մետրոյի «Զարբախ» կայարանի կապող երկաթգիծը կկառուցվի 1 տարվա ընթացքում: Այդ մասին մայիսի 24-ին հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Նրա խոսքով` «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին» եռակողմ հուշագիրը ստորագրվել է մայիսի 4-ին: Ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
Ըստ նախնական հաշվարկների` երկաթուղու երկարությունը կազմում է 7.8 կմ, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2011 թ. նոյեմբերին հավանություն էր տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որի շրջանակներում էլ կառուցվում է երկաթգիծը:
Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորատար տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ երկաթուղու «Կարմիր բլուր» կայարանին:




























