Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Հանա Ջալուլ Մուրոյի և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Եվրոպական խորհրդարանի տարբեր հարթակներում ներգրավված պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՀՅԴ–ից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ տեսակետներն է ներկայացրել վերոհիշյալ հարցերի վերաբերյալ, կարևորել Հայաստանում օրենքի գերակայության, քաղաքական ազատությունների լիարժեք իրացման երաշխավորման, ինչպես նաև իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՅ Դաշնակցության և եվրոպական սոցիալիստական տարբեր շրջանակների հետ առաջանցիկ կերպով զարգացող հարաբերություններին և պայմանավորվածություններ ձեռք բերել դրանց հետագա խորացման վերաբերյալ։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն, արդար և տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ նախապայմանների և գործողությունների վերաբերյալ։