Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին՝ 95-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով նրա ավանդը պատմական գիտության և հումանիտար կրթության զարգացման գործում։ Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը Չուբարյանին անվանել է խոշոր գիտնական և ճանաչված մասնագետ միջազգային հարաբերությունների ու ժամանակակից քաղաքական գործընթացների ոլորտում։ Ռուսաստանի նախագահը նշել է նրա կազմակերպչական և լուսավորչական գործունեությունը Համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրենի և գիտական ղեկավարի պաշտոնում։
Երկրի ղեկավարն ակադեմիկոսին մաղթել է առողջություն, ոգու առույգություն և անսպառ ստեղծագործական էներգիա։
Ալեքսանդր Չուբարյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում։ 1955 թվականին նա ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչից հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային առընթեր պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։
Չուբարյանը մասնագիտացած է 20-րդ դարում Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների պատմության ուսումնասիրության մեջ։ Իր հետազոտություններում նա մշակել է «ռուսական եվրոպականացման» հայեցակարգը՝ մի երևույթ, որը համատեղում է եվրոպական մշակույթի և քաղաքակրթության ընդհանուր հիմքերը Ռուսաստանի պատմական զարգացման առանձնահատկությունների, դրանց թվում՝ նրա աշխարհագրական դիրքի, բազմազգ կազմի և բազմակրոնության հետ։
Ակադեմիկոսը համարվում է նաև հայրենական պատմագրության նոր ուղղության հիմնադիր, որը նվիրված է եվրոպական գաղափարների և Եվրոպայի պատմության ուսումնասիրությանը։ Ալեքսանդր Չուբարյանն ավելի քան 350 գիտական աշխատությունների, դրանց թվում՝ ինը մենագրության հեղինակ է, հաղորդում է ТАСС-ը։




























