Հայաստանը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովում (COP17) չորս նախաձեռնություն կներկայացնի, որոնք ուղղված են կենսաբազմազանության մոնիթորինգի զարգացմանը, լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պաշտպանությանը, պահպանվող տարածքներից դուրս բնության պահպանմանը և տնտեսական խթանների բարեփոխմանը։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Ըստ նրա՝ նախաձեռնությունները մշակվել են հայկական նախագահության կողմից՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։ Դրանց նպատակն է ձևավորել համագործակցության գործնական մեխանիզմներ, որոնք կշարունակեն գործել նաև համաժողովի ավարտից հետո։
Առաջին նախաձեռնությունը նախատեսում է կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիական հանգույցի ստեղծում, որը կօգնի պետություններին զարգացնել ազգային դիտարկման համակարգերը, հավաքել և վերլուծել հավաստի տվյալներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ և կատարելագործել ազգային հաշվետվողականությունը։
Երկրորդը՝ Երևանի հարթակն է լեռնային և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի համար։ Այն կոչված է նպաստելու երկրների միջև փորձի փոխանակմանը, նրանց ներուժի զարգացմանը, տեխնիկական աջակցության տրամադրմանը և ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը։ Ինչպես նշել է Աբիսողոմոնյանը, լեռնային էկոհամակարգերը առանցքային նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման, ջրային անվտանգության, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և տնտեսական կայունության համար։ Հայաստանի համար այս թեման առանձնահատուկ արդիական է՝ հաշվի առնելով երկրի լեռնային բնույթը և Սևանա լճի նշանակությունը։
Երրորդ նախաձեռնությունը վերաբերում է կենսաբազմազանության պահպանման այլ արդյունավետ տարածքային միջոցառումներին (OECM)։ Խոսքը տարածքների մասին է, որոնք չունեն պահպանվողի պաշտոնական կարգավիճակ, սակայն ապահովում են բնության երկարաժամկետ պահպանումը։ Նախաձեռնությունը կոչված է օգնելու պետություններին բացահայտել և գնահատել նման տարածքները և հասնել դրանց ճանաչմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Այդ ուղղությունը կապված է «30-ին 30» գլոբալ նպատակի հետ՝ մինչև 2030 թվականը պահպանելով առնվազն ցամաքի և ներքին ջրերի, ինչպես նաև ծովային և ափամերձ տարածքների 30%-ը։
Չորրորդ նախաձեռնությունը՝ կենսաբազմազանության համար դրական տնտեսական խթանների ստեղծման վերաբերյալ Երևանի կոչն է։ Այն ենթադրում է բնության վրա բացասաբար ազդող խթանների բարեփոխում կամ աստիճանական վերացում և դրանց փոխարինում պահպանությանը նպաստող մեխանիզմներով։ Աբիսողոմոնյանի կարծիքով՝ բնապահպանական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ֆինանսավորումը, այլև վերանայել տնտեսական քաղաքականությունը։
Ըստ նրա՝ Հայաստանի ԱԳՆ-ն միաժամանակ մասնակցում է համաժողովի զուգահեռ միջոցառումների նախապատրաստմանը։ Փոխնախարարը նշել է, որ դրանց խնդիրն է նպաստել COP17-ի նպատակների իրականացմանը։ Նա ընդգծել է, որ, օրինակ, Բիզնեսի և կենսաբազմազանության ֆորումի շրջանակում նախատեսվում է նպաստել բնության պահպանության գործում մասնավոր հատվածի ավելի ակտիվ մասնակցությանը։ Ֆինանսների և կենսաբազմազանության օրը նվիրված կլինի բնապահպանական միջոցառումների ֆինանսավորման նոր գործիքներին, միջազգային ֆինանսական հաստատությունների դերին և մասնավոր կապիտալի ներգրավմանը։ Գիտաժողովը հնարավորություն կտա ամրապնդել գիտության և քաղաքականություն մշակողների միջև փոխգործակցությունը։ Ուշադրության կենտրոնում կլինեն պարտավորությունների կատարման գլոբալ վերանայումը, տվյալների հավաստիությունը և գիտական հիմքի վրա որոշումների ընդունումը։
Ինչպես ընդգծել է Աբիսողոմոնյանը, այդ բոլոր նախաձեռնություններն ու միջոցառումները հնարավորություն կտան COP17-ի արդյունքները դիտարկել ավելի լայն համատեքստում՝ կենսաբազմազանության պահպանումը կապելով կայուն զարգացման, կլիմայական քաղաքականության, տնտեսական վերափոխումների և միջազգային համագործակցության այլ ուղղությունների հետ։





























