Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կարևորագույն քաղաքական բաղադրիչներից մեկը լինելու է կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը։ Այն առաջին անգամ անցկացվում է Կոնվենցիայի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, և տեղի կունենա հոկտեմբերի 15–16-ին։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Ըստ նրա՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են լիագումար նիստեր և առանձին կլոր սեղաններ՝ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովը մասնակիցներին և տարբեր շահագրգիռ կողմերին հնարավորություն կտա քննարկելու կենսաբազմազանության ոլորտում գլոբալ օրակարգը և քաղաքական ազդակ հղելու դրա իրականացման կարևորության մասին։
Աբիսողոմոնյանի տվյալներով՝ COP17-ին սպասվում է շուրջ 15 հազար գրանցված մասնակից։ Ընդ որում, մասնակիցների ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ «կապույտ գոտում» անցկացվող միջոցառումներից բացի, կլինեն նաև այլ միջոցառումներ «կանաչ գոտում», որտեղ գրանցում չի պահանջվում։
Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին հաստատվել է երկրների և միջազգային կազմակերպությունների շուրջ 60 բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցություն։ Աբիսողոմոնյանը ձեռնպահ մնաց կոնկրետ պետությունների անուններ նշելուց՝ ընդգծելով, որ ըստ ընդունված պրակտիկայի, մասնակցության մասին տեղեկությունը սովորաբար հրապարակայնորեն հայտնում են իրենք՝ երկրները։ Միևնույն ժամանակ նա հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությունը, որի մասին տեղեկությունն արդեն հրապարակվել է։ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ ելույթի պահին ճշտված տեղեկություններ չկային։
Առանձին Աբիսողոմոնյանը հայտնել է, որ COP17-ի նախարարական հատվածում, որը կանցկացվի հոկտեմբերի 27–28-ին, սպասվում է մինչև 150 բարձրաստիճան մասնակցի մասնակցություն։
Պատասխանելով այն հարցին, թե երկու տարի անց ո՞ր երկիրը կգլխավորի COP18-ը, Աբիսողոմոնյանը պարզաբանել է, որ թեկնածությունը կառաջադրի համապատասխան տարածաշրջանային խումբը։
Ռոտացիայի սկզբունքին համապատասխան՝ հաջորդ փուլում նախագահությունը պետք է անցնի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների տարածաշրջանային խմբին։ Որոշումն ընդունվում է կոնսենսուսով, այսինքն՝ Կոնվենցիայի մասնակից բոլոր 196 պետությունների համաձայնությամբ։
Ըստ փոխնախարարի՝ ակնկալվում է, որ համապատասխան երկրի անունը հայտնի կդառնա համաժողովի երկրորդ շաբաթվա ընթացքում։





























