Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու եւ դրանք երկուստեք զարգացնելու համատեքստում դեսպանը Տարոն Մարգարյանին է փոխանցել Էլ-Քուվեյթի քաղաքապետի ջերմ ողջույններն ու Էլ-Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կստանան: «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար եւ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:




























