ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ ռուսական կողմի հետ հանդիպման համար, հաղորդում է MS NOW հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Politico-ի տվյալներով՝ Պատելի այցը նախատեսված է հոկտեմբերի 14–15-ին։ Ենթադրվում է, որ նա կայցելի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, իսկ ընդունող կողմը կլինի Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը։ Թե կոնկրետ ով կլինի ՀԴԲ ղեկավարի զրուցակիցը և ինչ հարցեր են նախատեսվում քննարկել, առայժմ չի հաղորդվում։
Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այցի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ նման ուղևորությունները սովորաբար նախապես չեն հայտարարվում։
Սպասվող այցը մտահոգություն է առաջացրել ամերիկացի օրենսդիրների շրջանում։ Հոկտեմբերի 9-ին Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Ջեյմի Ռասկինը և Ջիմ Հայմսը Պատելին կոչ են արել հրաժարվել այցից՝ զգուշացնելով ռուսական լրտեսության ռիսկերի և հետախուզական տեղեկատվության փոխանակման համար հնարավոր սպառնալիքի մասին։
Ավելի վաղ Պատելը հայտարարել էր Ռուսաստանի և Չինաստանի իրավապահ մարմինների հետ ՀԴԲ-ի համագործակցության ընդլայնման մասին՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, ներառյալ կիբեռխարդախությունն ու երեխաների շահագործումը։
Օգոստոսին Reuters-ը հաղորդում էր, որ նման փոխգործակցությունը նախատեսում է համատեղ աշխատանք առանձին գործերով և տեղեկությունների փոխանակում։




























