ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը հերքել է Ռուսաստան իր ենթադրյալ այցի մասին հաղորդումները՝ հայտարարելով, որ չորեքշաբթի գտնվում է Վիրջինիա նահանգում։ Ավելի վաղ MS NOW հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԴԲ-ի ղեկավարը ժամանել է Ռուսաստան՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում երկօրյա բանակցություններ անցկացնելու համար։

«Փաստերն ավելի կարևոր են, քան քլիքբեյթը»,- գրել է Պատելը X սոցիալական ցանցում։

ՀԴԲ-ն իր հերթին հրապարակել է հաղորդագրություն, որտեղ նշել է, որ գերատեսչության ղեկավարը Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաքի Լիբերթի համալսարանում մասնակցում է իրավապահ մարմինների աշխատակիցներին նվիրված միջոցառմանը։ Պատելի ներկայությունն այնտեղ հաստատվել է տեղի ABC News-ի մասնաճյուղի հրապարակած տեսանյութերով։

MS NOW-ն ավելի վաղ, հղում անելով երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, որ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) կազմակերպած հանդիպմանը մասնակցելու համար։ Սակայն ՀԴԲ-ն և անձամբ Պատելը հերքել են այդ տեղեկությունը։

Հնարավոր ուղևորության մասին հաղորդումներ հայտնվել էին դեռևս հուլիսին։ Այդ ժամանակ Politico պարբերականը գրել էր, որ այցը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի կեսին և Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ այցելություններ կատարել։ Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու բարձրաստիճան դեմոկրատներ Պատելին կոչ էին արել հրաժարվել ուղևորությունից՝ զգուշացնելով ազգային անվտանգության համար հնարավոր ռիսկերի մասին։