Ռուսաստանում դատարանը ռուս մահապարտ-ահաբեկիչ Վիկտոր Դվորակովսկիին դատապարտել է 23 տարվա ազատազրկման, նա պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում:

Նաեւ նրան տուգանել են 100 հազար ռուբլով: Հանցագործը ձերբակալվել է այն բանից հետո, երբ 2011-ին նրա կողմից պատրաստված ռումբը պայթել է հենց իր տանը:

Դվորակովսկիի հանցակիցը` 25-ամյա Վլադիմիր Սկիրկոն, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է ծայրահեղականության եւ թմրամիջոցների անօրինական ձեռք բերելու եւ պահելու հոդվածներով:

Դատավճռի հրապարակումից հետո երկու մեղադրյալներն էլ հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:

Դվորակովսկին իսլամի արմատական հոսանքի կողմնակից է: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, երբ նրա Պյատիգորսկի տանը պայթյուն էր տեղի ունեցել: Ձերբակալության ժամանակ նա ինքնաշեն ռումբ էր նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետանքով զրկվել էր ձեռքից: