Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը զգուշացրել են, որ «անմիջապես» կդադարեցնեն հետախուզական տեղեկատվության տրամադրումը, եթե ուկրաինական բանակը շարունակի հարվածներ հասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին The Washington Post-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ «Զգուշացումներն այնքան մասսայական էին, որ զանգահարում էին բոլորին, ում ազգանունը ուկրաինական էր հնչում»,- նշել է պարբերականի զրուցակիցը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի ընդհատել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, իսկ հրթիռներին, որոնցով Ռուսաստանը վերջին օրերին հարվածել է Կիևին, նախկինում հաջողվել է շրջանցել ազդարարման համակարգերը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ «Նրանք դա ասել են իմ գեներալներին, այլ ոչ թե ինձ։ Իմ գեներալներն ասացին, որ այդ տեղեկատվությունը ստացել են ռազմական մակարդակում»,- պատմել է ուկրաինացի առաջնորդը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվելու է։ «Մենք օգնում ենք նրանց և կիսվում տեղեկատվությամբ։ Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Դրանից առաջ Զելենսկին հայտնել էր, որ երկու գիշեր անընդմեջ ուկրաինացի զինվորականները նախազգուշացում չեն ստացել Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին։ Արդյունքում հարվածներ են հասցվել ուկրաինական մայրաքաղաքի բոլոր հանգուցային էներգետիկ օբյեկտներին։ Սրանից առաջ Թրամփը հայտարարել էր Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ զինադադարի մասին՝ պահանջելով, որ ուկրաինական բանակը հարվածներ չհասցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)։ Զելենսկին հրամայել էր հարվածներ չհասցնել, իսկ ավելի ուշ Ռուսաստանին մեղադրել էր կրակի դադարեցման ռեժիմը չպահպանելու մեջ։

Ռուսական հարձակումների շարունակման մի քանի օրերից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հանել է ռուսական ՆՎԳ-ներին հարվածելու արգելքը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ամերիկյան հետախուզության կողմից հրթիռային հարվածների մասին նախազգուշացման բացակայությունը ոչ թե տեխնիկական խափանում էր, ինչպես պնդում էր Պենտագոնը, այլ գիտակցված որոշում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի կառավարությունից հայտարարել են, որ ուկրաինական բանակը չի դադարեցրել հարձակումները նավթավերամշակման գործարանների վրա և չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին, հարվածել է երկու ձեռնարկության։