Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, այսօր`մայիսի 24-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ստացել է 101 ինքնաբացարկի դիմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Այսպես, այսօրվա ընթացքում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 67 անդամներ այսօր` մայիսի 24-ին, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 28 ներկայացուցիչներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ավելի վաղ ԿԸՀ ստացել էր ինքնաբացարկի 6 դիմումներ` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանից, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանից եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանից:

Նշենք, որ համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում յուրաքանչյուր հաջորդ թեկնածուին: