Իրանն ու ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում պետք է համաձայնեցնեն Հորմուզի նեղուցով պարարտանյութերի տարանցման արդյունավետ մեխանիզմը, այլապես Ասիայի և Աֆրիկայի բազմաթիվ երկրներ կբախվեն պարենային ճգնաժամի։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) տնօրեն Ժորժի Մորեյրա դա Սիլվան, որը նաև գլխավորում է Հորմուզի նեղուցով հումանիտար փոխադրումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը։

«Չափազանց կարևոր է համաձայնագիր կնքել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Հակառակ դեպքում մենք բաց կթողնենք ցանքսի շրջանը։ Եթե բաց թողնենք ցանքսի շրջանը, գյուղատնտեսության արտադրողականությունը էապես կնվազի, ինչն էլ զգալիորեն կանդրադառնա գների վրա»,- ընդգծել է դա Սիլվան։

Նա նշել է, որ պարարտանյութերի տարանցման հարցն անհապաղ լուծում է պահանջում։ ԱՄՆ-ն և Իրանը չպետք է այն կապեն ավելի համապարփակ համաձայնագրի հետ, որը կողմերը կարող են կնքել ավելի ուշ։

«Մեր առաջարկը հետևյալն է․ քանի դեռ դուք (ԱՄՆ-ն և Իրանը) շարունակում եք բանակցություններ վարել համապարփակ համաձայնագրի շուրջ, թույլ տվեք մեզ աշխատել, թույլ տվեք անել մեր գործը»,- շեշտել է ՄԱԿ-ի նախագծերի սպասարկման գրասենյակի տնօրենը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով է անցնում պարարտանյութերի համաշխարհային առևտրի ծավալի մեկ երրորդը։