Բաղդադում ավարտվել է Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների երկրորդ փուլը: Նիստը կայացել է եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի եւ Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի նախագահությամբ: Հանդիպման արդյունքների մասին առայժմ չի հաղորդվում:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», Բաղդադում բանակցությունների երկրորդ օրվա նախօրեին իրանական կողմը մի շարք դիտողություններ է արել միջազգային առաքելությանը: Թեհրանը դժգոհ է բանակցությունների «ծանր մթնոլորտից»:

«Այն, ինչ մենք լսել ենք Ստամբուլում միջազգային առաքելության ներկայացուցիչներից, մեզ ավելի հետաքրքիր թվաց»,- ասել է իրանցի դիվանագետներից մեկը:

Բանակցությունները համաձայնագրի ստորագրմամբ չեն ավարտվել: Անանուն աղբյուրները հայտնում են, որ կողմերը մշակված ծրագրերով եւ առաջարկներով են հանդես եկել:

Փորձագետները նշում են, որ կողմերը տարբեր նպատակներ են հետապնդում: «Վեցնյակը» փորձում է սահմանափակել ուրանի հարստացումը, իսկ Իրանը ցանկանում է վերջ դնել միջազգային պատժամիջոցներին: