Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկի ռազմական աէրոդրոմում ոչնչացրել են ռուսական վեց Սու-34Մ կործանիչ-ռմբակոծիչ, հայտնել են ՈւԶՈւ Ռազմածովային ուժերում։ Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է հոկտեմբերի 15-ի գիշերը՝ «Նեպտուն» ափամերձ հրթիռային համալիրի կիրառմամբ։ Ուկրաինացի զինվորականները պնդում են նաև, որ աէրոդրոմում վնասվել է թռիչքների ապահովման սարքավորումը, հրդեհ է բռնկվել, և տեղի են ունեցել կրկնակի դետոնացիաներ։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հրապարակում են արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է ինքնաթիռների վնասված կայանատեղին։

Ռուսաստանի իշխանությունները աէրոդրոմին հասցված հարվածի մասին չեն հայտնել։ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է 33 խոցված անօդաչուի և «մի քանի ռեակտիվ օդային թիրախների» մասին։ Նրա խոսքով՝ բեկորների ընկնելու հետևանքով Վորոնեժում վնասվել են «մի շարք առանձնատների տնտեսական շինություններ և մեկ ավտոմեքենա»։ Միևնույն ժամանակ Բորիսոգլեբսկի բնակիչները պատմել են պայթյունների և խոշոր հրդեհի մասին, որի ծուխը երևացել է քաղաքի տարբեր թաղամասերից։

Բորիսոգլեբսկի աէրոդրոմը տեղակայված է Վորոնեժի մարզի համանուն քաղաքից մոտ 6 կմ դեպի արևելք ընկած տարածքում։ Այն օգտագործվում է ռազմական ավիացիայի կողմից։ Ռուսական կողմը Սու-34-երը կիրառում է, այդ թվում, ուկրաինական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ղեկավարվող ավիառումբեր արձակելու համար։ Սու-34Մ-ը այս ինքնաթիռի արդիականացված տարբերակն է։

Հոկտեմբերի սկզբին ուկրաինացի զինվորականները հայտնել էին, որ Ռոստովի մարզի Միլերովո աէրոդրոմի շրջանում ոչնչացրել են ռուսական ՄիԳ-29 կործանիչ, իսկ Կրասնոդարի երկրամասի Եյսկի աէրոդրոմի մոտ՝ Կա-27 ուղղաթիռ։ Դրանից առաջ ՈւԶՈւ Անօդաչու համակարգերի ուժերը հաշվետվություն էին ներկայացրել Չելյաբինսկի մարզի Շագոլ աէրոդրոմի վրա հարձակումների մասին, որտեղ խոցվել էր ավիացիոն տեխնիկայի չորս միավոր՝ երկու Սու-57 կործանիչ, մեկ Սու-34 և Սու ընտանիքի ևս մեկ անհայտ մոդիֆիկացիայի ինքնաթիռ։ Այն ժամանակ անօդաչուները թիրախները խոցել էին Ուկրաինայի սահմանից շուրջ 1700 կմ հեռավորության վրա։