Հայկական դրամի նկատմամբ ամերիկյան դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումները պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Այս մասին NEWS.am-ին ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով Հայաստանի շուկայում դոլարի փոխարժեքի աճի միտումները: Ըստ նրա` այդ հարցում արտաքին գործոններն առավել նշանակալի դեր ունեն:
«Դոլարն ամրապնդվում է ողջ աշխարհում: Հայաստանը հիմնականում ներմուծում է եւ ստիպված է ընդունել այն գինը, որը ձեւավորվում է միջազգային շուկաներում: Իսկ միջազգային գները մեծ մասամբ արտահայտված են հենց դոլարում»,-նշեց տնտեսագետը` ավելացնելով, որ դրա վրա ազդում է նաեւ եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը:
Խոսելով ներքին գործոնների մասին, տնտեսագետը նշեց տարեսկզբի ավելի դանդաղ տնտեսական աճը, որը համընկավ ԱՄՆ-ում տնտեսության ակտիվացման հետ: «Զուգահեռ եվրագոտում պահպանվում է դեֆոլտի հավանականությունը. եվրոն թուլանում, իսկ դոլարն ամրապնդվում է»,-նկատեց Մանասերյանը` ավելացնելով, որ նման պայմաններում դոլարի ամրապնդումը բնական է: Գործարար ակտիվության նվազմանը նպաստել են նաեւ մայիսի սկզբի ընտրությունները, քանի որ նախընտրական ցանկացած շրջան անկայունություն է, որի ժամանակ ձեռնարկատիրական հատվածն սպասողական դիրք է գրավում, եւ դա բնորոշ է բոլոր երկրներին:
Հարցին, թե Հայաստանի շարքային քաղաքացին ինչպես պետք է պաշտպանվի նման դեպքում, Մանասարյանն ասաց. «Սպառողների պաշտպանության համար մի քանի մեխանիզմ կա. առաջինը` տեղական արտադրողին աջակցելն էլ, որի արտադրանքը միշտ ավելի էժան է: Երկրորդը` միջնորդների շրջանցումն է, օրինակ` գյուղատնտեսության ոլորտում: Երրորդը` հարկավոր է կոշտ վերահսկողություն սահմանել օլիգոպոլիաների նկատմամբ եւ գների թելադրման երեւույթ թույլ չտալ»:




























