«Գազպրոմն» ավարտել է գազապահեստարանների նախապատրաստումը 2026 թվականի ձմեռային սեզոնին։ Հաշվի առնելով Բելառուսում և Հայաստանում գտնվող ստորգետնյա պահեստարանները՝ ընկերության գազի օպերատիվ պահուստը կկազմի 74,543 միլիարդ խորանարդ մետր։ Սրան զուգահեռ՝ ռուսաստանյան պահեստարաններում պաշարների թիրախային ծավալը հասել է ռեկորդային 73,296 միլիարդ խորանարդ մետրի, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ռուսաստանի ստորգետնյա պահեստարանների հնարավոր առավելագույն օրական արտադրողականությունը պահպանվել է ռեկորդային՝ 858,8 միլիոն խորանարդ մետր մակարդակում։ Ընկերության հայտարարության համաձայն՝ սա թույլ կտա պահանջարկի կտրուկ տատանումների դեպքում օպերատիվորեն ավելացնել մատակարարման ծավալներն ու ցուրտ եղանակային շրջանում լիարժեքորեն կատարել սպառողների առջև ստանձնած պարտավորությունները։
Հոկտեմբերի սկզբին «Գազպրոմն» ավարտին է հասցրել նաև Ռուսաստանի գազամատակարարման միասնական համակարգի գազատարների և «Սիբիրի ուժը» մայրուղու պլանային կանխարգելիչ ու վերանորոգման աշխատանքները։ Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել գազի արդյունահանման, տեղափոխման, պահպանման և վերամշակման ավելի քան 900 օբյեկտներում։
Ընկերությունը հայտնել է նաև ավելի քան 900 հազար կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող գազաբաշխիչ ցանցերի ախտորոշման ու վերանորոգման ավարտի, ինչպես նաև ձմեռային շրջանին վթարային բրիգադների լիակատար պատրաստվածության մասին։





























