Մոլորակի տարբեր անկյուններում անտառները ոչնչացնելով հարստություն կուտակողների ձեռքում չափազանց շատ իշխանություն կա։ Դրա մասին հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Չափազանց շատ իշխանություն կա նրանց ձեռքում, ովքեր զբաղվում են ձկան չափազանց մեծ որսով։ Չափազանց շատ իշխանություն կա նրանց ձեռքում, ովքեր, իրենց ձեռքում պահելով տնտեսական լծակները, աշխարհի բազմաթիվ երկրներում հսկայական ազդեցություն են ունենում քաղաքական ոլորտի վրա։
Մենք պետք է փոխենք այս իշխանական հարաբերությունները։ Եվ մենք ունենք դաշնակից՝ դա փոփոխվող իրավիճակն է։ Վերցնենք, օրինակ, հանածո վառելիքը. այսօր այն ավելի թանկ է, քան վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները շատ ավելի անվտանգ են։ Աշխարհը փոխվում է, և դա կօգնի մեզ վերափոխել գոյություն ունեցող իշխանական հարաբերությունները, որպեսզի կառավարություններն ավելի վճռականորեն ձեռնամուխ լինեն կենսաբազմազանության կորստի դեմ պայքարին։
Առաջին հերթին անհրաժեշտ են փոփոխություններ իշխանության բաշխման մեջ, և ես լավատեսությամբ եմ նայում այն հանգամանքին, որ այդ հարաբերությունները փոխվում են։ Մենք պետք է մեծացնենք հասանելի ռեսուրսների ծավալը, և դրա համար իրական հնարավորություններ կան։ Փոփոխությունների ճանապարհին միակ խոչընդոտը բյուրոկրատիան է։ Երբեմն կառավարություններն իրենք են խոչընդոտներ ստեղծում փոփոխությունների համար։ Բայց մեկ բան ակնհայտ է. վաղ թե ուշ մենք կհասնենք հաջողության»,- նշել է Գուտերեշը։
Նա հավելել է, որ այդ արդարության առանցքային կողմը զարգացող երկրներին այնպիսի ծավալի ռեսուրսներ տրամադրելու կարողությունն է, որն անհրաժեշտ է թե՛ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման միջոցառումները արագացնելու, թե՛ հարմարվողականության և զարգացման կայունության ամրապնդման մեջ ներդրումներ կատարելու համար։
«Մենք արդեն ինչ-որ բանի հասել ենք. այդ ոլորտներին ուղղվող միջոցների ծավալն աճել է։ Սակայն մեզ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ամբողջ ֆինանսական էկոհամակարգի աշխատանքի մեջ։
Մենք ակտիվորեն հանդես ենք գալիս միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման օգտին, որպեսզի երաշխավորենք զարգացող երկրներին անհրաժեշտ ֆինանսավորման հասանելիությունը։
Երբեմն զարգացած երկրները հղում են անում սեփական բյուջետային դժվարություններին կամ պաշտպանության ծախսերին, բայց, իմ կարծիքով, դա չի արդարացնում զարգացման նպատակով օգնության կրճատումը։ Նման մոտեցումը Հայաստանին և բազմաթիվ այլ երկրներին հնարավորություն կտար ստանալ կլիմայի փոփոխությանը արձագանքելու և այլ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ ֆինանսավորում, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության հետ կապված։
Վերջին երկու COP-ների շրջանակում ընդունվել են համապատասխան պարտավորություններ։ Դրանք նախատեսում են, որ զարգացած երկրները տարեկան մինչև 1,3 տրիլիոն դոլար կմոբիլիզացնեն զարգացող երկրներին աջակցելու համար։ Պարտավորություններն ընդունված են, և այն կառավարությունները, որոնք ստանձնել են դրանք, պատասխանատվություն են կրում դրանց կատարման համար։
Ինչպես արդեն նշել եմ, նույնիսկ եթե բյուջեներում անհրաժեշտ միջոցներ չկան, գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս բազմակի անգամ մեծացնել հասանելի գումարները։ Մասնավորապես, խոսքը պետական միջոցների օգտագործման մասին է՝ մասնավոր կապիտալ ներգրավելու համար։ Եթե բանկը տրամադրում է, ասենք, 100 միլիոն դոլարի վարկ, դա նշանակում է, որ նա այլևս չունի այդ 100 միլիոնը, որը կարող էր տրամադրել մեկ ուրիշին։ Սակայն եթե բանկը տրամադրում է երաշխիք, դա նրա վրա շատ էժան է նստում, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռում ներգրավել 100 միլիոն դոլարի մասնավոր կապիտալ, և այդ ամենը՝ նվազագույն ծախսերով։
Այսպիսով, եթե զարգացման բանկերը, ինչպես նաև ազգային զարգացման բանկերը, զգալիորեն ավելի շատ միջոցներ ուղղեն երաշխիքների տրամադրմանը, քան ուղղակի վարկավորմանը, նրանք կկարողանան բազմապատկել մասնավոր ֆինանսավորման ծավալը։ Ծախսերի տեսանկյունից բուն երկրների համար դա համարժեք է ուղղակի ներդրմանը, բայց միևնույն ժամանակ էականորեն ընդլայնում է հասանելի ռեսուրսները։
Ժամանակն է անցնել գործնական լուծումների՝ մանավանդ որ միջոցներն անկեղծորեն չեն բավականացնում մեզ։ Ժամանակն է գործի դնել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի բազմապատկենք մեր ունեցած ռեսուրսները, և հրաժարվենք հնացած բյուրոկրատական սովորություններից, որոնք այսօր միայն խանգարում են անել այն, ինչ իսկապես անհրաժեշտ է»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։





























