ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանության համար դատապարտված ամերիկյան բանակի նախկին մայոր Նիդալ Մալիք Հասանի մահապատիժը հրապարակայնորեն չի հեռարձակվի։
Դատավճիռը կիրականացվի գնդակահարությամբ՝ սահմանված կարգով, իսկ մահապատժին, ցանկության դեպքում, կկարողանան ներկա գտնվել զոհվածների մերձավոր հարազատները։
Իր հայտարարության մեջ Թրամփը Հասանին անվանել է «շատ վատ և չար մարդ» և ասել, որ մահապատժի հրապարակային հեռարձակումը կարող էր նախազգուշացում ծառայել հավանական ահաբեկիչների համար։
«Կարծում եմ՝ մահապատժի հեռարձակումը համընդհանուր դիտման համար կարող էր դառնալ հզոր զսպող գործոն, որպեսզի աշխարհը տեսնի, թե Ամերիկան ինչպես է վարվում ահաբեկիչների և Հասանի նման տականքների հետ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։
Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ շատ բարեկիրթ մարդիկ կնախընտրեին չդիտել մահապատիժը ոչ ուղիղ եթերում, ոչ էլ տեսագրությամբ։
Հասանը կրակ էր բացել Ֆորտ Հուդ ռազմաբազայում 2009 թվականի նոյեմբերի 5-ին։ Նա սպանել էր 13 մարդու, ներառյալ՝ հղի զինծառայողի, և վիրավորել ևս 32 մարդու։ 2013 թվականին ռազմական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել մահապատժի։
Թրամփը հիշեցրել է նաև, որ հարձակումից առաջ ՀԴԲ-ն որսացել էր Հասանի էլեկտրոնային նամակագրությունը եմենա-ամերիկյան ծագում ունեցող արմատական քարոզիչ Անվար ալ-Ավլաքիի հետ։ Սակայն ՀԴԲ-ի հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները այն ժամանակ հաղորդագրությունները սպառնալիք չէին համարել։ Հետագայում այդ գնահատականը դարձել էր քննադատության առարկա և դիտարկվել որպես ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի լուրջ ձախողում։
Նախագահն ընդգծել է, որ մահապատիժը կկայանա, սակայն հրապարակային հեռարձակում չի լինելու։ Ըստ նրա՝ զոհերի հարազատներն արժանի են անձամբ ներկա գտնվելու դատավճռի կատարմանը։





























