Նավթատար լցանավը հրդեհվել է Օմանի ծոցի արգելված գոտում՝ Հորմուզի նեղուցից արևելք, երբ անջատել էր հետևման համակարգերը և փորձել անցնել այդ տարածքով, հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի բանակի ռազմածովային ուժերի հայտարարությանը։

Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայության տվյալներով՝ պարեկային ստորաբաժանումները նավը հայտնաբերել են Հորմուզի նեղուցից արևելք գտնվող ջրատարածքի դիտարկման ընթացքում։ Լցանավն անջատել էր իր գտնվելու վայրը հետևող համակարգերը և շարժվել դեպի այն գոտին, որով անցումն արգելված է։

Իրանի ռազմական գերատեսչությունում չեն հստակեցրել նավի անվանումը, դրա պատկանելությունը, հրդեհի պատճառները և միջադեպի հնարավոր հետևանքները։ Տուժածների և վնասների ծավալի մասին տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում։

Իրանի բանակում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իրանական զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության և հսկողության տակ։