Գերմանիայի Քյոլն-Բոնն օդանավակայանի մաքսավորները ձերբակալել են Մեքսիկայի 45-ամյա մի քաղաքացու, որը փորձել էր երկիր բերել ավելի քան 90 կենդանի սողուն, դրանց թվում՝ թունավոր օձեր, հայտնում է BBC News-ը։
Հրշեջ աշխատող տղամարդը կենդանիներին թաքցրել էր շամպունի և քսուքի շշերի, պլաստիկ տարաների ու գուլպաներից պատրաստված կապոցների մեջ։
Գերմանական մաքսային ծառայության տվյալներով՝ տղամարդը աշխատակիցների ուշադրությունը գրավել է իր կասկածելիորեն նյարդային պահվածքով, երբ անցնում էր կանաչ միջանցքով, որը նախատեսված է հայտարարագրելու ոչինչ չունեցող ուղևորների համար։ Թմրանյութերի ստուգման արդյունքը կոկաինի համար դրական է եղել, սակայն ճամպրուկի զննության ընթացքում արգելված նյութեր չեն հայտնաբերվել։ Դրանց փոխարեն մաքսավորները գտել են կենդանի իժեր, զանգակավոր օձեր, իգուանաներ և այլ մողեսներ ու օձեր։
«Օդանավակայանում իմ գործընկերները սովոր են շատ բաների, երբ խոսքը ճամպրուկներում եղած հուշանվերների մասին է, բայց Մեքսիկայից 37 կենդանի թունավոր օձ ու 55 մողես մինչ այս չենք հանդիպել»,- հայտարարել է Քյոլնի մաքսային վարչության ներկայացուցիչ Յենս Ալանդը։
Նրա պատմելով՝ որոշ կենդանիներ պահվել են անմարդկային պայմաններում, իսկ մյուսները սատկել են Մեխիկոյից Ստամբուլով թռիչքի ընթացքում։
Ձերբակալվածը, որի անունը չի հրապարակվում, բացատրել է, որ սողուններին բերել է Բրազիլիայից իր ծանոթներից մեկի խնդրանքով։ Տղամարդուն մերժել են Գերմանիա մուտք գործելու հարցում և հետ են ուղարկել Ստամբուլ։
Փրկված կենդանիներին հանձնել են Գերմանիայում մասնագիտացված օձաբուծարանի խնամքին։
Մաքսային ծառայության ներկայացուցչի պատմելով՝ անցած տարվա ընթացքում ամբողջ երկրում արձանագրվել է պահպանվող կենդանիների, բույսերի և դրանցից պատրաստված իրերի առգրավման ավելի քան 1300 դեպք։ Առգրավված նմուշների ընդհանուր թիվը գերազանցել է 56 հազար 600-ը։
Նման դեպք արդեն եղել էր Քյոլն-Բոնն օդանավակայանում վեց տարի առաջ։ Այդ ժամանակ մաքսավորները հայտնաբերել էին 26 հազվագյուտ սողուն, որոնցից տասը սատկել էին։ Կենդանիներին փորձել էին Մեքսիկայից տեղափոխել խաղալիքներով և քաղցրավենիքով ծանրոցներում։ Դրանք նախատեսված էին Գերմանիայի մասնավոր գնորդների համար։





























