Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը հավանություն չի տալիս նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններին առանցքային ներքին և արտաքին քաղաքական հարցերում և ցանկանում է էական փոփոխություններ երկրի կառավարման մեջ։ Դրա մասին վկայում են AP-NORC հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից երեք շաբաթից էլ քիչ առաջ, որոնք կանցկացվեն նոյեմբերի 3-ին, հաղորդում է Associated Press-ը։
Ընտրողների համար գլխավոր խնդիրները շարունակում են մնալ տնտեսությունն ու կյանքի արժեքը։ Գրանցված ընտրողների շուրջ 80%-ը հավանություն չի տալիս կյանքի արժեքի վերաբերյալ Թրամփի գործողություններին, իսկ մոտ երեք քառորդը դժգոհ է տնտեսության ոլորտում նրա աշխատանքից։
Դժգոհությունը նկատելի է նաև Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում։ Հանրապետական ընտրողների միայն 44%-ն է հավանություն տալիս նախագահի գործողություններին կյանքի արժեքի հարցում, մինչդեռ 54%-ը դրական է գնահատում նրա տնտեսական քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ այլ հարցերում, մասնավորապես հանցավորության դեմ պայքարում, հանրապետականների շրջանում Թրամփի աջակցությունը զգալիորեն ավելի բարձր է։
Հարցումը նաև ցույց է տվել քաղաքական փոփոխությունների բարձր պահանջարկ։ Ընտրողների մոտ կեսը կարծում է, որ երկրի կառավարման մեջ անհրաժեշտ են էական փոփոխություններ, իսկ մոտ 30%-ը հանդես է գալիս գործող կուրսի լիակատար վերակառուցման օգտին։
Դեմոկրատներն ու անկախ ընտրողները հանրապետականներից ավելի հաճախ են պահանջում քաղաքականության արմատական վերանայում։ Սակայն նույնիսկ Թրամփի կողմնակիցների շրջանում փոփոխությունների պահանջը մնում է զգալի․ հանրապետականների 45%-ը ցանկանում է էական փոփոխություններ, իսկ 13%-ը՝ ներկայիս կուրսի լիակատար վերակառուցում։
Հարցման արդյունքները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում հանրապետականների համար ընտրություններից առաջ։ Կյանքի արժեքի աճն ու տնտեսական իրավիճակից դժգոհությունը կարող են դառնալ քվեարկության կարևոր գործոններ, քանի որ երկու կուսակցությունների ընտրողներն էլ այս հարցերը նշում են գլխավոր առաջնահերթությունների շարքում։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի մի մասը։ Ընտրությունների արդյունքները կորոշեն՝ արդյոք հանրապետականները կկարողանա՞ն պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ և շարունակել աջակցել ԱՄՆ նախագահի օրենսդրական օրակարգին։





























