Ռուսաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության փոխարեն «կլոր սեղանի» շրջանակում մենախոսեցին նրանք, ովքեր պաշտպանում են իշխանությունների գործողությունները: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը` մեկնաբանելով «Եդինայա Ռոսիայի» նախաձեռնած` հանրահավաքների ժամանակ խախտումների համար տուգանքների չափն ավելացնելու մասին օրինագծի շուրջ քննարկման տապալումը:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Սոբչակը հայտարարել է, որ ինքն անձամբ ելույթի հնարավորություն չի ունեցել, թեեւ ի սկզբանե միջոցառումը ներկայացվել էր «բոլորին արտահայտվելու հնարավորություն» տվող: Սոբչակը քննարկումների սրահը լքել է մինչեւ միջոցառման ավարտը: «Նստած են քաղաքագետներ, որոնք բարբաջում են, եւ ամեն ինչում մեղավոր է ընդդիմությունը»,-ասել է Սոբչակը:
Ավելի վաղ քննարկումների սրահը լքել էին Կոմկուսի եւ Լիբերալ-դեմոկրատների առաջնորդներ Գենադի Զյուգանովն ու Վլադիմիր Ժիրնովսկին: Արդյունքում, փոխխոսնակ Օլեգ Մորոզովը քննարկումն անցկացրել է կիսադատարկ սրահում:
Նշենք, որ համաձայն օրինագծի` զանգվածային ակցիայի ժամանակ արձանագրված խախտումների դեպքում կազմակերպիչների նկատմամբ տուգանքի վերին շեմը սահմանվել է 1,5 մլն ռուբլի` ներկայիս 50 հազարի փոխարեն, սովորական քաղաքացիների համար` մինչեւ 1 մլն ` 5 հազար ռուբլու փոխարեն:




























