ԱՄՆ-ն Իրանի հետ կապված սահմանափակող միջոցների շրջանակում պատժամիջոցների ցուցակներում ներառել է 11 իրավաբանական և 16 ֆիզիկական անձի։ Պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև Կուբայի Banco Internacional de Comercio (BICSA) բանկը, իսկ մյուս կազմակերպությունների թվում է Իրաքի International Development Bank for Investment and Finance-ը։ Դրա մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) հրապարակած ծանուցման մեջ։
Ըստ փաստաթղթի՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված բոլոր 16 ֆիզիկական անձինք Իրանի քաղաքացիներ են։ Նրանցից մի մասը կապված է ֆինանսական գործառնություններով և արժույթի փոխանակմամբ զբաղվող իրանական ընկերությունների հետ։ Մասնավորապես, սահմանափակումները վերաբերում են Իրանում գրանցված մի քանի փոխանակման ընկերությունների ներկայացուցիչներին և գործընկերներին։
11 կազմակերպությունների թվում են ֆինանսական հաստատություններ և ընկերություններ Իրանից, Իրաքից, Հոնկոնգից և Կուբայից։ BICSA-ից և International Development Bank-ից բացի, պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև Chabahar International Bank Overseas Company-ն և Jazireh International Bank Company-ն, ինչպես նաև մի շարք ընկերություններ, որոնք զբաղվում են դրամական միջնորդությամբ և առևտրով։
Առանձին OFAC-ը պատժամիջոցների ցուցակում ներառել է Հոնկոնգի Elitesphere Trading Co., Limited ընկերությունը և իրանական Farzanegan Energy Pars Company-ն։ Գերատեսչությունը նշել է, որ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ոմանք ենթակա են երկրորդային պատժամիջոցների՝ ըստ ամերիկյան № 13902 հրամանագրի, որն ուղղված է Իրանի տնտեսության որոշակի հատվածների դեմ։
Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ընդհանուր լիցենզիա, որը թույլ է տալիս դադարեցնել International Development Bank for Investment and Finance-ի հետ գործառնությունները։ Գերատեսչությունը նաև թարմացրել է թույլտվությունները, որոնք վերաբերում են ռուսական «Լուկոյլ» ընկերության արտասահմանյան ավտոլցակայանների և Բուլղարիայում դրա որոշ կառուցվածքների հետ առանձին գործառնություններին։
Բացի դրանից, OFAC-ը հրապարակել է Կուբայի հետ կապված հաճախ տրվող հարցի նոր պատասխան և փոփոխություններ է կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ պարզաբանումներում։





























