Բունդեսթագի աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մաքսիմիլիան Կրան հայտարարել է, որ եվրոպական երկրների տնտեսական քաղաքականությունը և Ռուսաստանի հետ դիմակայությունը խարխլում են Եվրոպայի ապագան։

Clash Report-ին տված հարցազրույցում նա Գերմանիային կոչ է արել հրաժարվել Ուկրաինային ֆինանսական օգնությունից, ամրապնդել սեփական տնտեսությունը և զարգացնել ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ։

Կրան միաժամանակ քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ հայտարարելով, որ նրա քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ կարող է հանգեցնել ռազմական լարվածությնա սրման։ Պատգամավորի կարծիքով՝ եվրոպական տնտեսությունը բախվում է համակարգային խնդիրների, իսկ ֆինանսապես թուլացած երկրներին ընդհանուր փոխառությունների հաշվին աջակցելու փորձերը միայն խորացնում են իրավիճակը։

Եվրամիության համար գլխավոր սպառնալիքներից մեկը Կրան անվանել է Ֆրանսիայում հնարավոր ֆինանսական ճգնաժամը։ Նրա գնահատմամբ՝ եթե Փարիզը դիմի համաեվրոպական փոխառություններին կամ Գերմանիայի կողմից տրվող երաշխիքներին, Բեռլինը կհայտնվի բարդ ընտրության առաջ։

Ֆրանսիային աջակցելը, պատգամավորի կարծիքով, հնարավորություն կտա հետաձգել ճգնաժամը, բայց միաժամանակ ֆինանսական խնդիրները կտեղափոխի Գերմանիա։ Իսկ օգնությունից հրաժարվելը, հակառակը, կարող է վտանգի տակ դնել ԵՄ-ի և գործող արժութային համակարգի գոյությունը։

«Կարելի է սնանկացնել երկու երկրներին էլ կամ սահմանափակել հետևանքները Ֆրանսիայով, բայց այդ դեպքում եվրոպական արժութային համակարգը կդադարի գոյություն ունենալ»,- հայտարարել է Կրան։

Նա ենթադրել է, որ Փարիզին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա պահպանել ներկայիս համակարգը ևս երեքից հինգ տարի, որից հետո երկու երկրներն էլ կարող են բախվել սնանկացման։ Դա պատգամավորի անձնական կանխատեսումն է, որը հարցազրույցում չի հիմնավորվում առանձին տնտեսական հաշվարկներով։

Կրան ԵՄ-ի ներկայիս խնդիրները կապում է Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հետ՝ պարտքային ճգնաժամի ժամանակ։ Նրա կարծիքով՝ Գերմանիան բազմիցս ստանձնել է այլ երկրների աջակցման պարտավորություններ՝ թուլացնելով սեփական տնտեսական դիրքերը։

Կրան հանդես է եկել Գերմանիայի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնությունը դադարեցնելու օգտին և կոչ է արել Կիևից փոխհատուցում պահանջել։ Նա միաժամանակ մեղադրել է Մերցին Մոսկվայի հետ հարաբերությունների վտանգավոր սրման մեջ։

Պատգամավորը նկարագրել է մի սցենար, որի դեպքում կանցլերն ուժեղացնում է Ռուսաստանի հետ դիմակայությունը, հրահրում է Մոսկվայի պատասխան քայլերը, իսկ հետո ռազմական դրությունն օգտագործում է որպես AfD-ի վրա ճնշում գործադրելու առիթ։

«Մերցն այժմ վտանգավոր մարդ է, որովհետև նա պատրաստ է առանց վարանելու ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ»,- հայտարարել է Կրան։

Պատգամավորը միաժամանակ մերժել է AfD-ն նացիստների հետ համեմատությունները՝ հակադրելով նացիստական Գերմանիայի՝ 1941 թվականին Խորհրդային Միություն ներխուժումը իր կուսակցության հայտարարված դիրքորոշմանը՝ հօգուտ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման։ Կրայի կարծիքով՝ միլիտարիզմի վերաբերյալ մեղադրանքները հակասում են AfD-ի հասցեին հնչող քննադատությանը՝ բանակցությունների վերաբերյալ նրա դիրքորոշման համար։

Կրան անդրադարձել է նաև Վաշինգտոնի քաղաքականությանը։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ռուսական դիզելային վառելիքի խոշոր գնումների մասին մեկնաբանել է որպես Մոսկվայի նկատմամբ ամերիկյան մոտեցման փոփոխության նշան։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից վառելիքի վաճառքից եկամուտներ ստանալը և ռուսական նավթային ենթակառուցվածքի վրա ուկրաինական հարձակումների սահմանափակումը վկայում են պատերազմի ավարտի մոտենալու մասին։

Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ Կրան նշել է, որ նրա վաստակը համարում է Բորիս Ելցինի կառավարման շրջանից հետո ռուսական պետության վերականգնումը։ Միևնույն ժամանակ գերմանացի պատգամավորը ընդգծել է, որ Պուտինով չի հիանում և չէր ցանկանա ապրել Ռուսաստանում։