Մեկ ժամ հետո ՀՀԿ-ն հայտարարություն կտարածի մայիսի 31-ին նոր Ազգային ժողովի առաջին նիստին ընդառաջ: Այս մասին, այսօր` մայիսի 24-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հայտարարության հիմնական բովանդակության մեջ ՀՀԿ-ն շնորհակալություն է հայտնելու քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին քաղաքակիրթ ընտրարշավ իրականացնելու համար, իսկ ՀՀԿ-ն ստանալով մեծամասնություն, կշարունակի համագործակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկել թե իշխանական ուժերի, թե ընդդիմության հետ:

Ըստ Շարմազանովի, հայտարարությունում նշվելու է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել ամբողջ պատասխանատվությունը եւ իրականացնել այն ծրագրերը, որոնց համար ընտրողները քվեարկել են:

ՀՀԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, վարչապետը եւ ԱԺ նախագահը կլինեն ՀՀԿ-ից:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը, Շարմազանովն ասաց, որ հարգանքով են վերաբերում ԲՀԿ-ի որոշմանը եւ դա իրենց ներքին խնդիրն է:

Հարցին, թե անակնկա՞լ էր Գագիկ Ծառուկյանի նման հայտարարությունը, ՀՀԿ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ «քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում»:

Իսկ ԲՀԿ-ական նախարարները կպահպանե՞ն իրենց նախարարական պորտֆելները, հարցին էլ արձագանքեց, թե դա պետք է ԲՀԿ-ի հայտարարությունից փորձեք հասկանալ: