ԱՄՆ-ն առաջարկել է ապասառեցնել Եվրոպայում սառեցված ռուսական պետական ակտիվների մի մասը և դրանք փոխանցել Վաշինգտոնի վերահսկողության տակ՝ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու փորձի շրջանակում։ Եվրոպացի ներկայացուցիչները մերժել են այդ նախաձեռնությունը, գրնում է Financial Times-ը՝ հղում անելով քննարկումների ընթացքին ծանոթ չորս անձանց։
Գաղափարը ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները նախորդ շաբաթ Մայամիում անցկացված հանդիպումների ընթացքում։ Քննարկումներին մասնակցել են Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ Քննարկված տարբերակների թվում եղել է հատուկ ֆինանսական կառույցի ստեղծումը, որը կկառավարեր այդ միջոցները Վաշինգտոնի վերահսկողության ներքո։
Առաջարկը մտահոգություն է առաջացրել Կիևում և եվրոպական մայրաքաղաքներում՝ Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հարցում ամերիկյան վարչակազմի մոտեցման առնչությամբ։ Բանակցությունների եվրոպացի մասնակիցները հանդես են եկել թե՛ ակտիվների նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ին փոխանցելու, թե՛ Ռուսաստանին միջոցների որևէ մաս վերադարձնելու դեմ, հայտնել են պարբերականի աղբյուրները։
«Նրանց ասվել է, որ դա պարզապես տեղի չի ունենա»,- պատմել է Financial Times-ի զրուցակիցներից մեկը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հինգշաբթի հրապարակայնորեն հանդես է եկել նախաձեռնության դեմ՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին։ «Սրանք Եվրոպայում սառեցված ակտիվներ են, և պետք է շարունակեն սառեցված մնալ Եվրոպայում։ Սա մեր գործն է, և դրա վերաբերյալ որոշումները մենք ենք ընդունում»,- հայտարարել է նա։
Ամերիկյան կողմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ռուսական ակտիվները քննարկվել են համապարփակ խաղաղ կարգավորման շրջանակում։ Սակայն միջոցների հնարավոր ազատման և դրանց հետագա օգտագործման վերաբերյալ վերջնական որոշումներ առայժմ չեն ընդունվել։ Ուկրաինացի բանակցողները ևս ավելի վաղ հայտնել էին, որ այդ հարցը քննարկել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։
2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո արևմտյան երկրները սառեցրել են շուրջ 260 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներ։ Միջոցների հիմնական մասը գտնվում է Եվրամիությունում։ Սառեցված ակտիվներից ստացվող եկամուտներն օգտագործվում են Ուկրաինային G7 երկրների 45 միլիարդ եվրոյի վարկին աջակցելու համար։ Միևնույն ժամանակ եվրոպական բազմաթիվ կառավարություններ հանդես են գալիս հիմնական գումարի բռնագրավման դեմ՝ իրավական ռիսկերի պատճառով։
Անցյալ տարվա վերջին ԵՄ առաջնորդները պայմանավորվել էին, որ սառեցված ակտիվները պետք է ծառայեն որպես Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման աղբյուր, եթե Ռուսաստանը չվճարի հատուցումներ։ Միջոցների ապասառեցման համար անհրաժեշտ է Եվրամիության բոլոր 27 պետությունների համաձայնությունը, ինչին հասնելը, ըստ գնահատականների, չափազանց դժվար կլինի։ Կիևը և եվրոպական որոշ կառավարություններ, ընդհակառակը, հանդես են գալիս այդ միջոցներն Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու օգտին։
Նմանատիպ առաջարկ ներառված էր 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրում, որը Թրամփի վարչակազմը մեկ տարի առաջ անհաջող կերպով առաջ էր մղում։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Վաշինգտոնը Կիևին խնդրել է ներկայացնել միջոցների բաշխման ծրագիր՝ անկախ դրանց աղբյուրից։ Ուկրաինային խնդրել են համագործակցել Համաշխարհային բանկի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ֆինանսական հաշվետվողականության ապահովման հարցերում։
Մոսկվան, իր հերթին, շարունակում է ձգտել սառեցված միջոցների վերադարձին։ Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը կգործադրի «գողացված ակտիվները վերադարձնելու բոլոր հնարավոր ջանքերը»։ Ռուսաստանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ նա միաժամանակ հայտնել է դրան դատական գործընթացների միջոցով հասնելու մտադրության մասին։





























