Ադրբեջանում իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական թեւերը, փաստացի, գտնվում են երկրի նախագահի վերահսկողության տակ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2011 թվականի ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է այսօր` մայիսի 24-ին:

Զեկույցում նշվում է խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բազմաթիվ բռնությունների մասին:

«Տարվա ընթացքում մարդու իրավունքների ապահովման հետ կապված ամենացցուն խնդիրներից են խոսքի եւ հավաքների ազատությունների սահմանափակումը: Օրինակ, տարվա ընթացքում, հատկապես գարնանը, բռնությամբ ցրվել են մի քանի բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում էին քաղաքական բարեփոխումներ եւ կառավարության հրաժարականը: 15 ցուցարարներ դատապարտվել են 18 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկման` այդ ակցիաներին մասնակցելու համար»,-ասվում է զեկույցում:

Մարդու իրավունքների այլ խախտումների շարքում նշվում է գործադիր իշխանության ազդեցությունը դատական իշխանության վրա, քաղաքական դրդապատճառներով դատավճիռների կայացումը, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունները, որոնք հանգեցրել են առնվազն 10 մարդու մահվան:

Ադրբեջանում հիմնական խնդիրներից է նաեւ մարդկանց սեփականության իրավունքի ոլորտում խախտումները, այդ թվում կասկածելի հիմնավորումներով մարդկանց բռնի տեղահանումը սեփական տներից:

«Կառավարությունը շարունակում է սահմանափակել որոշ չգրանցված մահմեդական եւ քրիստոնեական խմբերի դավանանքի ազատությունը: Կոռուպցիան շարունակում է ծաղկել բոլոր ոլորտներում, այդ թվում դատական եւ իրավապահ մարմիններում:

Արձանագրվել են նաեւ կանանց նկատմամբ բռնության դեպքեր: Կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների նկատմամբ: Անպատժելիությունը հիմնական խնդիրներից է»,-ասված է զեկույցում: