ԱՄՆ-ը Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկում է միջուկային զինաթափման հարցերը։ Այս մասին Newsmax-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հույս հայտնելով, որ բոլոր երեք երկրները կկարողանան կրճատել իրենց միջուկային զինանոցները։
«Ես կցանկանայի հասնել միջուկային զենքից հրաժարվելուն, եթե դա հնարավոր է։ Մենք իսկապես քննարկում ենք այս հարցը Ռուսաստանի և Չինաստանի հետ», — հայտարարել է նա։
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը աշխարհում ունի ամենամեծ միջուկային զինանոցը, իսկ նրան հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։ Նրա կանխատեսմամբ՝ Պեկինը կարող է այս ցուցանիշով հասնել Վաշինգտոնին հինգ-վեց տարվա ընթացքում։
«Չինաստանը, հավանաբար, ավելի քիչ հակված է դրան, քանի որ այս ոլորտում զգալիորեն հետ է մնում մեզանից», — ասել է ԱՄՆ նախագահը։ «Մենք առաջին տեղում ենք։ Ռուսաստանը՝ երկրորդ։ Իսկ Չինաստանը մեզ կհասնի հինգ կամ վեց տարի անց», — շարունակել է նա։
«Այդ պատճառով նրանք ավելի քիչ հակված են դրան։ Բայց այո, մենք քննարկում ենք այս հարցը։ Մենք դրա մասին բավականին շատ ենք խոսում», — հավելել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նա չի նշել միջուկային զինաթափման շուրջ հնարավոր բանակցությունների ժամկետները և չի հայտնել Մոսկվայի կամ Պեկինի հետ որևէ համաձայնության ձեռքբերման մասին։
Մայիսին Թրամփը պատմել էր, որ միջուկային զինաթափումը քննարկել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այն ժամանակ ամերիկացի նախագահը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է մասնակցի միջուկային սպառազինությունների կրճատման ջանքերին։





























