ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իսրայելցի պաշտոնյաները կցանկանային իրեն տեսնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախընտրական քարոզարշավի մասնակից, սակայն չի խոստացել իր աջակցությունը։ Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ քաղաքականության մեջ ոչ մեկին չի վստահում, այդ թվում՝ Իսրայելի կառավարության ղեկավարին։
Newsmax-ին տված բացառիկ հարցազրույցում Թրամփին հարցրել են, թե արդյոք մտադիր է միջամտել Իսրայելում հոկտեմբերի 27-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնցում Նեթանյահուն հույս ունի կրկին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
«Դե, նրանք կցանկանային, որ ես դա անեի։ Այո՛, կցանկանային», — պատասխանել է Թրամփը։
«Լսեք, մենք նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Միասին լավ արդյունքների ենք հասել», — հավելել է ԱՄՆ նախագահը։
Երբ հաղորդավարը ուղիղ հարցրել է, թե արդյոք նա վստահում է Նեթանյահուին, Թրամփը պատասխանել է. «Անկեղծ ասած, ես ոչ մեկին չեմ վստահում»։ «Ես ոչ մեկին չեմ վստահում, — կրկնել է ամերիկացի առաջնորդը։ — Քաղաքականության աշխարհում ես ոչ մեկին չեմ վստահում»։
Ամերիկայի նախագահը բարձր է գնահատել Իրանի դեմ պատերազմի ընթացքում երկու երկրների համագործակցությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունները լուրջ վնաս են հասցրել Թեհրանի ռազմական հնարավորություններին և երկրի ղեկավարությանը։ «Մենք շատ հաջող գործընկերություն ենք ունեցել, գիտեք, հատկապես ռազմական ոլորտում», — հայտարարել է Թրամփը։
Նա նաև պարծեցել է իսրայելացի ընտրողների շրջանում իր ժողովրդականությամբ։
«Ասում են, որ եթե ես առաջադրվեի վարչապետի պաշտոնում, Իսրայելում կստանայի ձայների 99 տոկոսը», — ասել է ԱՄՆ նախագահը։
Մինչդեռ Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը պատրաստվում է լարված ընտրապայքարի։ Վերջին հարցումների համաձայն՝ գործող վարչապետի դաշինքը չի հավաքում անհրաժեշտ մեծամասնությունը՝ 61 մանդատ 120 պատգամավորից կազմված Քնեսեթում։
Սեպտեմբերի 24-ին իսրայելական Zman Yisrael պարբերականի հրապարակած հարցումը ցույց է տվել, որ Նեթանյահուի կողմնակիցներն ու հակառակորդները կարող են ստանալ հավասարապես՝ 53-ական մանդատ։ Ենթադրվում է, որ մնացած 14 մանդատը կհասնի արաբ բնակչությունը ներկայացնող կուսակցություններին։





























