Չինաստանի արտգործնախարար Վան Ին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին կոչ է արել դադարեցնել և հետ շրջել Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարկադրական ստեղծման գործընթացը։ Այդ մասին ասվում է ՉԺՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ Վան Ին այդ հայտարարությունն արել է Ադրբեջանում Հերցոգի հետ հանդիպման ժամանակ։

Չինաստանը հետևողականորեն համարում է պաղեստինյան հարցը «այս դարի ամենամեծ պատմական անարդարությունը», ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Վան Իի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման նպաստումը Չինաստանի մերձավորարևելյան քաղաքականության հիմնաքարն է։ Պեկինը համոզված է, որ երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի, ստեղծման մասին որոշումը հակամարտության կարգավորման ճիշտ ուղին է։ Առաջնահերթ խնդիրների թվում նախարարը նշել է Գազայի հատված մուտքի լիակատար բացումը, որպեսզի թույլ չտրվի հումանիտար աղետի հետագա տարածումը։

Միաժամանակ, ընդգծել է Վան Ին, Իսրայելը պետք է դադարեցնի Հորդանան գետի Արևմտյան ափին բնակավայրերի ստեղծումը և հետ շրջի այդ գործընթացը։

Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ, որպեսզի հնարավորինս շուտ հակամարտության բոլոր կողմերին վերադարձնի երկխոսության և խորհրդակցությունների սեղան և հասնի քաղաքական կարգավորման, հավելել է նախարարը։