Գերմանիան Ուկրաինային Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վերականգնման համար կհատկացնի 50 մլն եվրո (մոտ 56 մլն դոլար)։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը։

Նրա խոսքով՝ միջոցների հատկացման հարցը ներկայում գտնվում է խորհրդարանի քննարկման փուլում։ Ակնկալվում է, որ որոշումը կհաստատվի մինչև նոյեմբերի կեսերը։

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսքյուրը հինգշաբթի Բանգկոկում հայտնել է, որ «Մեծ յոթնյակի» (G7) երկրները կայանի վերականգնման համար հավաքել են 260 մլն եվրո։

«Երեկ պարզ դարձավ, որ բոլոր մասնակիցները գիտակցում են իրենց պատասխանատվությունը և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ», — հայտարարել է Քլինգբայլը։

Լեսքյուրի խոսքով՝ նոյեմբերի 9-ին Փարիզում կանցկացվի համաժողով, որտեղ կհավաքվեն դոնորները՝ օգնությունը համակարգելու և լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար։

Չեռնոբիլի ատոմակայանի լիարժեք վերականգնման ընդհանուր արժեքը գնահատվում է 500 մլն եվրո։