«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչը լատինամերիկյան պետություններին՝ չմերձենալ Իրանի հետ, միջազգային նորմի խախտում է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Անգլիական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մեհմանպարաստը ընդգծել է, որ Լատինական Ամերիկայի Բոլիվարյան միության մեջ մտնող երկրները (Վենեսուելա, Կուբա, Նիկարագուա, Բոլիվիա, Հոնդուրաս եւ Դոմինիկյան հանրապետություն) եւս միանշանակորեն քննադատել են Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությունը:

Նշենք, որ օրերս Հիլարի Քլինթոնը Լատինական Ամերիկայի պետություններին կոչ է արել չմերձենալ Իրանի հետ, քանի որ դա անցանկալի է եւ կարող է վարկաբեկող ազդեցություն ունենալ իրենց համար: «Մենք լավ գիտենք, որ Բոլիվիան եւ Վենեսուլեան փորձում են մերձենալ Իրանի հետ եւ, կարծում եմ, որ նրանց համար դա այդքան էլ լավ գաղափար չէ», ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Նա այդ երկրների շարքում չի նշել Բրազիլիային, ուր անցած ամիս այցելել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: