«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարները համաձայնել են անցկացնել իրավիճակային մոդելավորման ձևաչափով վարժանքներ՝ արհեստական բանականության կիրառմամբ կիբեռհարձակումներին պատրաստվելու համար։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման՝ քաղաքական գործիչների կողմից կիբեռանվտանգության աճող սպառնալիքներին արձագանքման միջոցների համակարգման ջանքերի ֆոնին։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս շաբաթ նախազգուշացրել էր, որ արհեստական բանականության կիրառմամբ կիբեռհարձակումը ֆինանսական հաստատության կրիտիկականորեն կարևոր ծառայության դեմ կարող է խաթարել վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ, հաղորդել է Reuters-ը։
«G7 երկրների ֆինանսների նախարարների տեղակալները քննարկել էին առաջավոր արհեստական բանականության համակարգերին նվիրված իրավիճակային մոդելավորման վարժանքներ անցկացնելու գաղափարը։ Նախարարական մակարդակով այս նախաձեռնությունը հավանության է արժանացել», — հայտնել է Կատայաման։
Նա հանդես է եկել G7-ի առաջատար տնտեսությունների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, ԱՄՀ ամենամյա միջոցառումների շրջանակում։
Ինչպես հայտնել է Ճապոնիայի՝ հանդիպմանը մասնակցած ֆինանսների նախարարության պաշտոնյան, ծրագիրը նախատեսում է G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների մշակած սիմուլյացիաների անցկացում՝ ստուգելու համար, թե որքան արդյունավետ կկարողանան դրանք արձագանքել արհեստական բանականության կիրառմամբ կիբեռհարձակումներին։
Պաշտոնյայի խոսքով՝ վարժանքների արդյունքները թույլ կտան գնահատել գործող արձանագրությունների արդյունավետությունը և ստացված եզրակացություններն օգտագործել հրահանգները թարմացնելու համար՝ նման միջադեպերին պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։
Մոդելավորվող իրավիճակների բնույթից կախված՝ վարժանքներին կարող են ներգրավել նաև մասնավոր ֆինանսական հաստատություններ, հավելել է Ճապոնիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։
Ամբողջ աշխարհում բանկային կարգավորող մարմիններն ակտիվացնում են արհեստական բանականության հետ կապված աճող ռիսկերը զսպելու ջանքերը, ավելի վաղ հաղորդել էր Reuters-ը։ Նրանցից մի քանիսը նախազգուշացնում են, որ բանկերի դեմ կիբեռհարձակումները կամ վերահսկողությունից դուրս եկած ինքնավար համակարգերի գործողությունները կարող են վտանգել համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությունը։
Այդպիսի կարգավորողների թվում է նաև Անգլիայի բանկը։ Դրա փոխկառավարիչը հինգշաբթի հայտնել է, որ հաստատությունը բանկերի հետ համատեղ աշխատում է լայնածավալ կիբեռմիջադեպերից հետո վերականգնման ավելի հուսալի մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ֆինանսական կազմակերպություններն այլևս չեն կարող ենթադրել, թե իրենց պաշտպանական համակարգերն անխոցելի են արհեստական բանականության կիրառմամբ կիբեռհարձակումների նկատմամբ։





























