Հայաստանը գտնվում է կարևոր երկրաբանական գոտում և ունի զգալի ներուժ՝ մասնակցելու հանքային ռեսուրսների նկատմամբ աճող համաշխարհային պահանջարկի բավարարմանը, սակայն երկրի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում։ Այս մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։
Ջհանյանն ընդգծել է, որ, եթե հաշվի չառնենք Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը, ապա վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արդյունաբերական արտադրության էական աճ չի արձանագրվել․ ոլորտի ծավալներն ընդհանուր առմամբ մնացել են մոտավորապես նույն մակարդակին։
Նրա խոսքով՝ առանձնապես մտահոգիչ է երկրաբանական հետախուզական աշխատանքների ծախսերի դինամիկան։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ երկրաբանական հետախուզման ծախսերը երկրում ընդհանուր առմամբ կրճատվում են։ 2015 թվականի համեմատ դրանց մակարդակը Հայաստանում նվազել է մոտ 50 տոկոսով։
Միևնույն ժամանակ, Ավստրալիայում և Կանադայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է համապատասխան ծախսերի աճ։ Ջհանյանը նաև ներկայացրել է տարբեր երկրներում մեկ քառակուսի կիլոմետր տարածքի հաշվով երկրաբանական հետախուզական աշխատանքների ծախսերի համեմատական ուսումնասիրություն։ Ուսումնասիրության մեջ ներառվել են Ուզբեկստանը, Ավստրալիան, Կանադան, Ֆինլանդիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքիան։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանն այս ցուցանիշով վերջին տեղում է դիտարկված երկրների շարքում։ Այսպիսով, չնայած զգալի երկրաբանական ներուժին, երկիրը, Ջհանյանի գնահատմամբ, բավարար ծավալի աշխատանքներ չի իրականացնում դրա ուսումնասիրման, պաշարների հաստատման և հանքավայրերի հետագա պատասխանատու շահագործման համար։
Նա նշել է, որ այդ հարցերը քննարկվում են կառավարության և տարածքային կառավարման նախարարության հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է որոշել առկա խնդիրների լուծման հետագա ուղին, որպեսզի ապահովվի ոլորտի զարգացումը ոչ միայն Ամուլսարի նախագծի և բարենպաստ գնային միջավայրի հաշվին, այլև երկրի մյուս հանքարդյունաբերական ձեռնարկությունների և հանքավայրերի զարգացման շնորհիվ։
Անդրադառնալով Հայաստանի ոլորտի առջև կանգնած խնդիրներին՝ Ջանյանն առանձնացրել է երկրաբանական հետախուզական աշխատանքների մոտեցումների կատարելագործումը, միջազգային ստանդարտների ներդրումը և հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման համակարգի առաջմղումը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան տարածքային կառավարման նախարարության հետ աշխատում է երկրաբանական հետախուզման և համապատասխան ստանդարտների հետ կապված հարցերի շուրջ, որի համար ստեղծվել է աշխատանքային խումբ։ Մեկ այլ կարևոր ուղղություն նա անվանել է կայուն զարգացման ճյուղային ստանդարտների մշակումը, որոնք պետք է պարտադիր լինեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բոլոր մասնակիցների համար։ Ջանյանը նշել է, որ ասոցիացիան զգալի աշխատանք է կատարում այս ուղղությամբ, և կառավարության հետ փոխգործակցությունը գործընթացի կարևոր մասն է։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը պետք է ոչ միայն օգտագործի համաշխարհային շուկաներում ստեղծված բարենպաստ իրավիճակը և մեծացնի արտահանումը նոր նախագծերի հաշվին, այլև ստեղծի պայմաններ ոլորտի համակարգային զարգացման համար։ Սա ենթադրում է ավելի ակտիվ երկրաբանական հետախուզում, պաշարների հաստատում, միջազգային ստանդարտների ներդրում և երկրի ռեսուրսային ներուժի պատասխանատու օգտագործում։ Հենց այս խնդիրների լուծումը, արտադրության և արտահանման աճին զուգահեռ, պետք է նպաստի համաշխարհային շուկայում ռազմավարական կարևորություն ունեցող մետաղների ոլորտում Հայաստանի հնարավորությունների ավելի լիարժեք օգտագործմանը։
Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։




























