ԱՄՆ և Ուկրաինայի հարաբերություններն ապրում են ամենալուրջ ճգնաժամը՝ անցյալ տարվա Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալից հետո։ Լարվածության հերթական սրացումը կապված է ուկրաինական կարևոր ռազմական համակարգի աշխատանքի սահմանափակումների հետ, որն օգտագործում է Իլոն Մասկի Starlink արբանյակային կապը։ Միևնույն ժամանակ, դեռևս անհասկանալի է մնում, թե կոնկրետ ով է կարգադրել մտցնել այդ սահմանափակումները։
Այդ ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների վերսկսման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նման հարձակումներն ավելի են խորացնում դիզելային վառելիքի և բենզինի գների աճը՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ։
Ինչպես նշել է CNN-ը, Իրանի դեմ պատերազմի հետ կապված էներգետիկ ծախսերը զսպելու Թրամփի ձգտումը բարդացնում է Ուկրաինայի վիճակը և խոչընդոտում նրա պայքարը Ռուսաստանի դեմ։
Հինգշաբթի Թրամփը կրկին քննադատել է Զելենսկուն Newsmax-ի հարցազրույցում։
«Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ։ Նրանք կործանել են այս երկիրը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ըստ երևույթին պատերազմի կործանարար հետևանքների պատասխանատվությունը բարդելով այն երկրի վրա, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից։ «Զելենսկու հետ ինձ շատ ավելի դժվար է գործ ունենալ, քան Պուտինի»։
Առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական հարցը դառնում է ԱՄՆ ներքաղաքական պայքարի մաս ընտրություններից առաջ։ 2019 թվականին Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում փորձել էր օգտագործել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հեռանկարը, որպեսզի Զելենսկուց հասնի Ջո Բայդենի և նրա որդի Հանթերի նկատմամբ հետաքննության։ Այդ դրվագը դարձավ Թրամփի առաջին իմփիչմենթի պատճառը։
Լարվածության նոր փուլը Վաշինգտոնում և Եվրոպայում մտահոգություններ է առաջացնում, որ ԱՄՆ նախագահն իր սեփական քաղաքական շահերը վեր է դասում միջազգային պարտավորություններից և քայլեր է ձեռնարկում, որոնք կարող են ձեռնտու լինել Վլադիմիր Պուտինին։
Նավթային գործարքներ և հրադադար
Ներկա ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ անցած ուրբաթ Թրամփը հայտարարեց համաձայնագրի մասին, որը նախատեսում է ռուսական նավթի գնում դիզելային վառելիքի արտադրության համար՝ չնայած գործող պատժամիջոցներին։
Հանգստյան օրերին ամերիկյան վարչակազմը նախազգուշացրել է Կիևին, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են ուկրաինական ռազմական գործողությունների համար, ինչպես նաև արգելափակել ամերիկյան զենքի եվրոպական գնումները, եթե Ուկրաինան չդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հեռահար հարվածները ։
Խիստ քննադատությունից հետո, այդ թվում՝ հանրապետականների կողմից, Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին՝ էներգետիկ ենթակառուցվածքների մասով։ Սակայն ավելի ուշ նա հասկացրել է, որ հակամարտության կողմերին նախապես չէր տեղեկացրել այդ մասին, և, ըստ ամենայնի, նրանք տեղյակ չէին պայմանավորվածությունից։
Ուկրաինան պահպանում էր հայտարարված հրադադարը, սակայն Ռուսաստանը լայնածավալ հրթիռային և անօդաչու հարվածներ հասցրեց ուկրաինական էներգետիկ օբյեկտներին։ Արդյունքում՝ մոտ 600 հազար մարդ մնաց առանց էլեկտրականության։
Երեքշաբթի Զելենսկին հայտարարել է, որ Կիևում խոշոր էլեկտրակայանի վրա ռուսական բալիստիկ հարվածից առաջ, որը վնասել էր նաև բնակելի տուն, Ուկրաինան ԱՄՆ-ից չի ստացել սովորական նախնական նախազգուշացումը։
Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրումը Կիևում առանձնահատուկ դժգոհություն է առաջացրել՝ ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքին հասցվող չդադարող հարվածների ֆոնին, որոնք, CNN-ի գնահատմամբ, ԱՄՆ-ի կողմից չեն ուղեկցվել թեկուզ փոքր-ինչ էական դատապարտմամբ։
23-ամյա կիևաբնակ Կատյա Ֆուտիման CNN-ի լրագրող Ջիմ Շյուտոյին պատմել է, որ մայրաքաղաքի դեմ հրթիռային հարձակումներն ավելի ու ավելի սարսափելի են դառնում։
«Երբեք չգիտես՝ ցանկացած վայրկյան հրթիռը կարող է դիպչել քո կամ հարևանի տանը»,- ասել է նա։ Հարցին, թե ինչու ռուսական բալիստիկ հրթիռներն այժմ գալիս են առանց նախազգուշացման, աղջիկը պատասխանել է. «Կարծում եմ՝ սա քաղաքականություն է… նախկինում ԱՄՆ-ը մեզ նախազգուշացնում էր»։
Ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի խոցելիությունն ավելի ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ CNN-ը հինգշաբթի հաղորդեց, որ Ուկրաինայի մոտ սպառվել են ամերիկյան Patriot համալիրների համար նախատեսված հրթիռները։ Ավելի վաղ Թրամփը հրապարակայնորեն չէր բացառել Կիևին լիցենզիա տրամադրելու հնարավորությունը՝ այդ կրիտիկականորեն կարևոր սպառազինության ինքնուրույն արտադրության համար, սակայն այդ առաջարկը չիրականացվեց։ Նման քայլը, հավանաբար, կառաջացներ Ռուսաստանի դժգոհությունը։
Հինգշաբթի Զելենսկու համբերությունը, ըստ երևույթին, հասել է սահմանին․ նա հայտարարել է ռուսական էներգետիկ օբյեկտների հարվածների վերսկսման մասին։ Այդ հարձակումներն արդեն որոշ շրջաններում հանգեցրել են հերթերի բենզալցակայաններում։
«Արդեն հերիք է»,- հայտարարել է Զելենսկին Financial Times-ի հարցազրույցում։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին, որը դիտարկում է Պուտինի հետ նոր գործարքներ կնքելու հնարավորությունը, այդ թվում՝ գազային ոլորտում։ Նրա կարծիքով՝ նման պայմանավորվածությունները կառաջացնեն ամերիկացիների դժգոհությունը։
«Բոլորը կցանկանան հարցնել, թե ինչպես է հնարավոր, երբ մարդիկ գոյատևում են, կռվում և զոհվում, իսկ դուք բիզնես եք անում նրանց հետ, ովքեր ցուցաբերում են նման ագրեսիա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Starshield-ի սահմանափակումներն ազդել են ուկրաինական անօդաչուների աշխատանքի վրա
Starshield համակարգի՝ Starlink արբանյակային կապի ռազմական տարբերակի հետ կապված պատմությունը ոչ միայն ուժեղացրել է լարվածությունը Վաշինգտոնի և Կիևի միջև, այլև կրկին առաջ է բերել Իլոն Մասկի գլոբալ ազդեցության հարցը։ Նրա տեխնոլոգիաները դարձել են ժամանակակից ռազմական գործողությունների կարևոր մաս։
Ուկրաինացի ռազմական հրամանատարները զարմացած էին Starshield-ի նկատմամբ մտցված սահմանափակումներից։ Միևնույն ժամանակ, համակարգի սեփականատերն ու կառավարողը ոչ թե Մասկն է, այլ ԱՄՆ կառավարությունը։
Սահմանափակումները փաստացի նվազեցրել են ուկրաինական ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչուների աշխատանքի արագությունը, ինչպես նաև վատթարացրել զինվորականների տվյալների փոխանակման, ավիացիայի և ուղղաթիռների կառավարման հնարավորությունները։ CNN-ի գնահատմամբ՝ դա ռուսական ուժերին ապահովել է մարտի դաշտում էական առավելություն։
Վաշինգտոնում առայժմ չկա միասնական բացատրություն, թե ով է կարգադրել սահմանափակել համակարգի աշխատանքը։ Չորեքշաբթի Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ «արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշվում է ԱՄՆ զինված ուժերի և, վերջնական հաշվով, նախագահի կողմից»։
Սակայն ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ CNN-ին հայտնել են, որ կարգադրությունը չի եկել Թրամփից։ Վարչակազմի որոշ ներկայացուցիչներ ավելի ու ավելի են հակվում այն կարծիքին, որ տեղի ունեցածում զգալի դեր է խաղացել հենց Մասկը։
Միևնույն ժամանակ, Reuters-ը հինգշաբթի երեկոյան, հղում կատարելով երկու ամերիկացի պաշտոնյաների և իրավիճակին ծանոթ արևմտյան ներկայացուցչի, հայտնել է, որ արբանյակային համակարգը սահմանափակելու հրահանգը եկել է Սպիտակ տնից։
Զելենսկին համոզված է, որ սահմանափակումները մտցվել են միտումնավոր։
«Սա տեխնիկական խնդիր չէր»,- ասել է նա Financial Times-ին։ Ուկրաինական ռազմական աղբյուրը պարբերականին հայտնել է, որ համակարգի լիարժեք աշխատանքն արդեն վերականգնվել է, իսկ արագության սահմանափակումները հանվել են։
Եվրոպայում աճում են կասկածները Թրամփի դրդապատճառների վերաբերյալ
Starshield-ի հետ կապված պատմությունը դարձել է ԱՄՆ դաշնակիցների անհանգստության հերթական պատճառը, որոնք կարծում են, որ պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա։
ԱՄՆ-ում Թրամփի քննադատները ռուսական վառելիքի գնման համաձայնագիրը համարում են Կրեմլին զիջումների հերթական օրինակ։ Նրանց կարծիքով՝ այն դժվար թե էապես նվազեցնի գները միջանկյալ ընտրություններից առաջ, սակայն ամբողջությամբ իրականացվելու դեպքում ռուսական տնտեսությանը կբերի միլիարդավոր դոլարներ՝ միջազգային պատժամիջոցների երկար տարիներից հետո։ Քննադատների մտավախությամբ՝ այդ միջոցները կարող են օգտագործվել ռուսական ռազմական մեքենան ամրապնդելու համար։
«Թրամփը հուսահատորեն փորձում է անել հնարավոր ամեն ինչ՝ սեփական վարկանիշը բարձրացնելու և միջանկյալ ընտրություններում Սենատում առաջադրվող հանրապետականների դիրքերն ամրապնդելու համար»,- CNN հեռուստաալիքին հայտնել է Դելավեր նահանգից դեմոկրատ սենատոր Քրիս Կունսը։
Մեծ Բրիտանիայի Թագավորական միացյալ պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի Ֆինանսների և անվտանգության կենտրոնի տնօրեն Թոմ Քիթինգը CNN International-ին ասել է, որ ԱՄՆ նախագահի գործողությունները ցույց են տալիս ներքաղաքական շահերի առաջնահերթությունն Ուկրաինայի անվտանգության նկատմամբ։
«Դոնալդ Թրամփը ընտրություններում իր դիրքը վեր է դասում ուկրաինացիների անվտանգությունից, պաշտպանվածությունից և կյանքից։ Սա պետք է հիշեն թե՛ հանդիսատեսները, թե՛ քաղաքական գործիչները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում»,- ընդգծել է նա։





























