Հայաստանը հնարավորություն ունի կրկին կարևոր դեր խաղալ համաշխարհային զարգացման մեջ։ Այս անգամ՝ տեխնոլոգիաների, արդյունաբերության և պաշտպանական հատվածի զարգացման համար անհրաժեշտ կրիտիկական նշանակության հանքանյութերի մատակարարման գլոբալ շղթաների ապահովման գործում։ Այս մասին հայտնել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) գլխավոր տնօրեն Ռոհիտեշ Դհավանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։

Նրա խոսքով՝ աշխարհը մտնում է նոր փուլ, երբ կրիտիկական նշանակության հանքանյութերն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում աշխարհաքաղաքականության, տեխնոլոգիաների և արդյունաբերական մատակարարման շղթաների վրա։ «Քիչ երկրներ են այնքան հաճախ գտնվել պատմության խաչմերուկում, որքան Հայաստանը։ Դարերի ընթացքում այստեղ խաչվել են գաղափարներն ու կայսրությունները, փոխազդել են քաղաքակրթությունները և հանդիպել են ժողովուրդները։ Այսօր, երբ մենք կանգնած ենք նոր փուլի շեմին, որտեղ կրիտիկական նշանակության հանքանյութերը որոշում են գլոբալ աշխարհաքաղաքականությունը, տեխնոլոգիաները, արդյունաբերական և պաշտպանական մատակարարման շղթաները, Հայաստանը կրկին պատրաստ է կրիտիկական կարևոր դեր խաղալ աշխարհի զարգացման և բարգավաճման գործում», — հայտարարել է Դհավանը։

ICMM-ի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն արդեն կարևոր մատակարար է համաշխարհային շուկայում մոլիբդենի և պղնձի համար, ինչպես նաև ունի ոսկու, արծաթի, ցինկի և այլ մետաղների նշանակալի հանքավայրեր։ Դհավանը նշել է, որ երկրում գործում են համաշխարհային մակարդակի հանքարդյունաբերական ընկերություններ, առկա է քաղաքական կամք՝ հանքարդյունաբերության պատասխանատու վարման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև մշակվել է ոլորտի զարգացման հավակնոտ ռազմավարություն, որն ընդունվել է 2023 թվականին։ Դրա նպատակն է ապահովել հատվածի աճը և դրա ներդրումը ազգային բարեկեցության ու գլոբալ զարգացման մեջ։

ICMM-ի ղեկավարը նաև Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները կապել է երկրում ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման հետ, որը նվիրված է բնության և կենսաբազմազանության պահպանության հարցերին։ Նրա խոսքով՝ պատասխանատու մոտեցման դեպքում հանքարդյունաբերությունը կարող է նպաստել բնական տարածքների պահպանությանն ու պաշտպանությանը։

Դհավանը նշել է, որ իրեն տպավորում են հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության օրինակները, որոնք զբաղվում են հողերի պահպանությամբ և պաշտպանությամբ այնպիսի տարածքներում, որոնք զգալիորեն գերազանցում են օգտակար հանածոների արդյունահանմամբ անմիջականորեն ազդված մակերեսները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դա չի վերացնում հանքարդյունաբերական գործառնությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հենց հանքավայրերի շահագործման վայրերում, որտեղ այդ ազդեցությունը կարող է էական լինել բույսերի և կենդանիների համար։

«Հաշվի առնելով ICMM-ի անդամների պարտավորությունները՝ իրենց հանքարդյունաբերական օբյեկտների տարածքներում կենսաբազմազանության զուտ կորուստների բացակայությանը հասնելու ուղղությամբ, ես վստահ եմ, որ օգտակար հանածոների արդյունահանումը կարող է իրականացվել ոչ միայն բնության հետ ներդաշնակ, այլև այնպես, որ դառնա նրա դաշնակիցը», - հայտարարել է նա։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։