Կա երկու գործոն, որոնք կարող են ապահովել հանքարդյունաբերության հետագա աճը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանման ծավալների ավելացումը։ Այս մասին հայտնել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը՝ ներկայացնելով հանքարդյունաբերության զարգացման միջնաժամկետ կանխատեսումը Mining Armenia Forum 2026-ում։
Նրա խոսքով՝ միջնաժամկետ կանխատեսման մեջ հաշվի է առնվում Զանգեզուրի կոմբինատում արդյունահանման ծավալների աճը՝ 22 մլն-ից մինչև 40 մլն։ Ակնկալվում է, որ դա թույլ կտա ավելացնել հանքարդյունաբերական արտադրանքի արտադրությունը, մեծացնել արտահանումը և հարկային մուտքերը, ինչպես նաև լրացուցիչ խթանել տնտեսական աճը։
Ներկայացված կանխատեսման համաձայն՝ այս հնարավորությունների իրագործումը կարող է ապահովել հանքարդյունաբերական արտադրանքի արտադրության աճ՝ մոտ 1,7 մլրդ դրամի չափով, արտահանման աճ՝ 1,6 մլրդ դրամով, ինչպես նաև լրացուցիչ ներդրում տնտեսական աճում՝ 3–3,5 տոկոս մակարդակով։ Պարսյանի գնահատմամբ՝ բյուջետային մուտքերը կարող են կազմել շուրջ 113 մլրդ դրամ։ Բացի այդ, կանխատեսվում է 1,5 հազար ուղիղ և 6,2 հազար անուղղակի աշխատատեղերի ստեղծում։ Տնտեսագետը ճշտել է, որ միջնաժամկետ կանխատեսումը կազմելիս հաշվի են առնվել նաև արտաքին գործոնները, այդ թվում՝ փոխարժեքի տատանումները։
Միաժամանակ, Պարսյանը նշել է, որ հանքարդյունաբերության հետագա զարգացումը կապված է մի շարք ռիսկերի հետ։ Դրանց թվում են մետաղների համաշխարհային գների տատանումները, բնապահպանական խնդիրները և պահանջարկի փոփոխությունները։
Նրա խոսքով՝ այս գործոնները պետք է հաշվի առնել ոլորտի զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելիս և միջոցներ ձեռնարկել դրանց հետ կապված ռիսկերը սահմանափակելու համար։
Որպես հետագա զարգացման հիմք տնտեսագետն առանձնացրել է երեք ուղղություն՝ արդիականացում, դիվերսիֆիկացում և միջազգային չափանիշների ներդրում։




























