Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է ապահովել վստահություն իրավական համակարգի, հենց նախագծի և այն մարդկանց նկատմամբ, որոնք այն իրականացնում են։ Այս մասին հայտնել է Catalis Strategies-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Խան Իլհանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։
Նրա գնահատմամբ, բացի ակնհայտ գործոններից, ինչպիսին են ռեսուրսները, երկրաբանությունն ու մետալուրգիան, կան նաև ավելի բարդ հարցեր՝ կապված կարգավորման և հանրային աջակցության ապահովման հետ։ Նրա կարծիքով՝ նախագծի իրականացման սոցիալական լիցենզիան հենվում է երեք կողմերի վրա՝ ընկերության, պետության և տեղական համայնքի։ Եթե դրանք միմյանց հետ չեն փոխգործակցում և համագործակցում, ապա նման լիցենզիա ստանալը կարող է դառնալ չափազանց բարդ ու ցավոտ գործընթաց։
Իլհանը նաև ընդգծել է օրենսդրության և նորմատիվ կարգավորման կարևորությունը։ Ներդրողները պետք է հասկանան, որ ներդրված կապիտալը պաշտպանված կլինի, իսկ ներդրումները կիրականացվեն այնպիսի իրավական համակարգի շրջանակում, որի կանոնները նրանց ծանոթ են։
Իլհանն առաջարկել է նրանց, ովքեր իրենց նախագծերի համար ֆինանսավորում են փնտրում, պարզել, թե ինչ արժեքներով և սկզբունքներով են առաջնորդվում կապիտալի հնարավոր աղբյուրները։ Նրա խոսքով՝ այս հարցերի պատասխանները կարող են օգնել կողմերին որոշելու փոխադարձ շփման կետերը և կառուցելու վստահելի հարաբերություններ։
Նա նշել է, որ ֆինանսավորման տարբեր աղբյուրների հետ փոխգործակցությունը պահանջում է հասկանալ դրանց մոտեցումներն ու ակնկալիքները։ Միևնույն ժամանակ, հարցերը, որոնք ծագում են արևմտյան ներդրողների մոտ, կարող են էապես տարբերվել Չինաստանի ներդրողների հարցերից։ Իլհանի խոսքով՝ կապիտալի աղբյուրների հետ երկխոսությունը պետք է ուղղված լինի նրանց սկզբունքները հասկանալուն և այնպիսի մեխանիզմների ձևավորմանը, որոնք թույլ կտան ամրապնդել նախագծի նկատմամբ վստահությունը։





























