Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ինքնաբացարկի դիմում չի ներկայացնելու եւ պահպանելու է իր մանդատը խորհրդարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ստեփան Դեմիրճյանը: «Այդ հարցում ես առաջնորդվում եմ ընտրողների եւ կուսակցության առջեւ պատասխանատվության զգացումով: Ժողովրդի քվեն պետք է հարգել: Ավելացնեմ նաեւ, որ ՀԱԿ խմբակցության աշխատանքն ԱԺ-ում կնպաստի ընդդիմության գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- հիմնավորեց Ստեփան Դեմիրճյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը եւ հետագայում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հնարավոր համագործակցությանը, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Կարծում եմ հնարավոր է կոնկրետ հարցերի շուրջ համագործակցությունն ԱԺ-ում: Իսկ ավելի սերտ համագործակցության մասին կարելի խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն»:

Ստեփան Դեմիրճյանին հիշեցրեցինք նաեւ ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ում մնացել են ռուսամետ ուժերը եւ հետաքրքրվեցինք, թե Ստեփան Դեմիրճյանն իրեն ռուսամե՞տ գործիչ է համարում, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը բխում է մեր պետության շահերից: Մեր պետության շահերից է բխում նաեւ երկրի ժողովրդավարացումը եւ Եվրաինտեգրացիան: Առհասարակ Հայաստանը պետք է իրականացնի հավասարակշռված, արժանապատիվ արտաքին քաղաքականություն»: