Դոնալդ Թրամփի՝ Մոսկվայի նկատմամբ ճնշումը թուլացնող և Կիևի նկատմամբ ճնշումն ուժեղացնող որոշումների ֆոնին եվրոպացի առաջնորդները փորձում են պահպանել հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ միաժամանակ պատրաստվելով այն սցենարին, որի դեպքում ԱՄՆ-ն փաստորեն կկանգնի Ռուսաստանի կողմը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ չեն կարող իրենց թույլ տալ հրաժարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերից։ Սակայն նրա գործողությունները Ուկրաինայի նկատմամբ և ռուսական տնտեսությանը շունչ քաշելու հնարավորություն տվող որոշումները ստիպում են Եվրոպային պատրաստվել մի աշխարհի, որտեղ Վաշինգտոնը փաստորեն կգործի Մոսկվայի կողմում։

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Թրամփը ջնջեց Կրեմլի դեմ էներգետիկ պատժամիջոցների երկարամյա քաղաքականությունը, կոչ արեց Կիևին դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին և կասկածի տակ դրեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը՝ կրկնելով ռուսական քարոզչության թեզերը։ Որոշ ժամանակահատվածում Ուկրաինան նաև զրկվեց Իլոն Մասկին պատկանող Starlink արբանյակային կապի համակարգից լիարժեք օգտվելու հնարավորությունից, ինչը բարդացրեց ուկրաինական զորքերի դրությունը մարտի դաշտում։

Ի պատասխան՝ Զելենսկին կոշտ քննադատությամբ հանդես եկավ ամերիկացի նախագահի հասցեին՝ հայտարարելով, որ իրեն դավաճանված է զգում։

Ինչպես Bloomberg-ի աղբյուրներն են հայտնել, որոնք ծանոթ են այս շաբաթ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկումներին, այս իրավիճակը տագնապ է առաջացրել եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում։ Շատերի համար այն բացահայտել է տհաճ իրականությունը, որը նրանք ամիսներ շարունակ փորձում էին չնկատել․ Թրամփը հակված է քննադատել Կիևին և միաժամանակ ընդառաջ գնալ Մոսկվային։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ նման գնահատական ունեն նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները՝ փակ զրույցների ընթացքում։

«Արևմտյան դաշինքն այժմ ավելի թույլ դիրքում է, քան մի քանի օր առաջ էր», — հինգշաբթի Բրյուսելում բանակցություններին ժամանելիս լրագրողներին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։ «Եթե դուք չեք աջակցում Ուկրաինային, ապա Եվրոպան ամբողջությամբ և, իմ կարծիքով, նաև ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դնում եք շատ ավելի վտանգավոր իրավիճակի մեջ»։

Եվրոպան վախենում է կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը

Թրամփի և Զելենսկու միջև արդեն եղել են լուրջ հակամարտություններ, սակայն նախկինում նրանց հաջողվել է վերականգնել հարաբերությունները։ Անցյալ տարի Օվալաձև աշխատասենյակում նրանց առաջին հանդիպումն ավարտվել էր աղմկոտ վեճով, որից հետո ԱՄՆ-ն կարճ ժամանակով սահմանափակել էր Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։

Ավելի ուշ Վաշինգտոնը փորձում էր համոզել Կիևին ընդունել 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը մեծապես համապատասխանում էր Ռուսաստանի շահերին։ Այն ժամանակ Զելենսկին նախազգուշացրել էր, որ Ուկրաինան ռիսկի է դիմում կորցնել իր առանցքային գործընկերոջը։

Մինչև ամառ եվրոպացի առաջնորդներին հաջողվել էր հասնել նրան, որ Թրամփը որոշակի ըմբռնում ցուցաբերի Ուկրաինայի՝ Ռուսաստանի դեմ ձգձգվող պայքարի նկատմամբ։

Ներկայիս տարաձայնությունը տեղի է ունենում Ուկրաինայի համար հատկապես անբարենպաստ պահին։ Մոտենում է ձմեռը, իսկ Կիևը չունի բավարար թվով ամերիկյան Patriot հակահրթիռներ, որոնք անհրաժեշտ են ռուսական հրթիռային հարձակումները հետ մղելու համար։ Ռազմական ծախսերը լուրջ անցք են ստեղծում ուկրաինական բյուջեում, որը Եվրոպան մեծ դժվարությամբ փորձում է փակել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը ավելի ու ավելի հաճախ է հարվածներ հասցնում քաղաքացիական օբյեկտներին, ինչի պատճառով Կիևում պարբերաբար էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ են առաջանում։

Հաջորդ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա հանդիպելու Թրամփի հետ Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում։ Այդ հանդիպմանը ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ եվրոպացի առաջնորդները ներկա չեն լինի։

Թրամփը ձգտում է նվազեցնել վառելիքի գները

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին հաշված շաբաթներ են մնացել։ Ակնկալվում է, որ Թրամփի Հանրապետական կուսակցությունը լուրջ կորուստներ կկրի, ուստի նախագահը ուղիներ է փնտրում բենզինի գները արագ իջեցնելու համար։

Bloomberg-ի տվյալներով՝ հենց այս ձգտմամբ են մեծապես բացատրվում նրա մտադրությունը՝ գնել ռուսական դիզելային վառելիք՝ չնայած պատժամիջոցներին, և Ուկրաինային ուղղված կոչերը դադարեցնել նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Միևնույն ժամանակ փորձագետները կարծում են, որ վառելիքի գների աճի գլխավոր պատճառը ԱՄՆ-ի պատերազմն է Իրանի դեմ։

Քանի դեռ եվրոպացի առաջնորդների մեծ մասը Զելենսկուն խորհուրդ է տալիս մեղմել Թրամփի հասցեին հրապարակային քննադատությունը, Ուկրաինայի համար Վաշինգտոնի հետ համագործակցությանը այլընտրանք չկա։ ԱՄՆ-ն շարունակում է Կիևին զենք վաճառել և կիսվել հետախուզական տվյալներով, որոնք վճռորոշ նշանակություն ունեն երկրի պաշտպանության համար։

Եվրոպացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցման դեպքում Եվրոպան չի ունենա ամերիկյան հնարավորություններին արդյունավետ փոխարինում։

Հենց այդ պատճառով, նշում են գործակալության աղբյուրները, Բրյուսել ժամանած ԵՄ առաջնորդները փորձում էին հրապարակայնորեն չափազանց կտրուկ չքննադատել Թրամփին։ Սակայն փակ դռների հետևում նրանցից ոմանք ցնցում էին արտահայտում նրա վերջին գործողությունների կապակցությամբ։

Վաշինգտոնի՝ խաղաղության հասնելու փորձերը, որը Թրամփը խոստացել էր ապահովել անցյալ տարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, առայժմ էական արդյունքներ չեն տվել։ Bloomberg-ի աղբյուրների խոսքով՝ անցած հանգստյան օրերին Ֆլորիդայում տեղի ունեցած բանակցությունները, որոնք ուկրաինական պատվիրակությունը ժամանակից շուտ լքեց Թրամփի՝ ռուսական դիզելային վառելիք գնելու որոշումից հետո, հիմնականում հանգեցին նույն կետերի կրկնակի քննարկմանը, որոնք նրա ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները պատրաստել էին մի քանի ամիս առաջ։

Երկուշաբթի օրը փակ ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնել են, որ Ուկրաինայի նկատմամբ եվրոպական քաղաքականությունը պետք է մնա անփոփոխ՝ անկախ Վաշինգտոնի կուրսի տատանումներից։ Աղբյուրների խոսքով՝ մասնակիցները որոշել են շարունակել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է, և պահպանել աջակցությունը Կիևին այնտեղ, որտեղ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածության հասնել չի հաջողվում։