Ես հաստատում եմ Տանզանիայի (որի կազմում է նաև Զանզիբարը- խմբ.) կենսաբազմազանության պահպանման, վերականգնման և կայուն օգտագործման գործի հանդեպ ունեցած ամուր հանձնառությունը։ Այս մասին COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին։

«Տանզանիան ունի բացառիկ կենսաբանական բազմազանություն․ այստեղ կան անտառներ, ջրաճահճային տարածքներ, սավաննաներ, լեռներ, քաղցրահամ ջրային համակարգեր, ինչպես նաև ընդարձակ ծովային և առափնյա էկոհամակարգեր։ Այս բնական հարստությունը պարզապես բնապահպանական ռեսուրս չէ, այն մեր պարենային և ջրային անվտանգության հիմքն է, կենսամիջոցների, զբոսաշրջության և ձկնորսության զարգացման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման և կայուն տնտեսական զարգացման ապահովման հիմնասյունը։

Այս կապակցությամբ Տանզանիան ողջունում է այն հնարավորությունը, որ տալիս է առաջնորդների այս գագաթնաժողովը՝ ամրապնդելու քաղաքական կամքը և արագացնելու կենսաբազմազանության վերաբերյալ Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումը մինչև 2030 թվականը։

«30-ը 30-ի դիմաց» նպատակի իրագործման շրջանակում կենսաբազմազանության պահպանումը պետք է դուրս գա պարզապես տարածքների առանձնանշումից։ Այն պահանջում է արդյունավետ կառավարում, կայուն ֆինանսավորում, էկոլոգիական փոխկապակցվածություն և տեղական համայնքների բովանդակալից մասնակցություն։ Այնուամենայնիվ, զարգացող երկրները շարունակում են բախվել զգալի խնդիրների՝ ռեսուրսների, տեխնոլոգիաների և տեխնիկական կարողությունների մոբիլիզացման հարցում՝ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման համար։ Այդ պատճառով Տանզանիան կոչ է անում ապահովել կենսաբազմազանության համար համարժեք, կանխատեսելի, կայուն և հասանելի ֆինանսավորում, այդ թվում՝ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային հիմնադրամի միջոցով։ Մենք նաև կոչ ենք անում ուժեղացնել տեխնոլոգիաների փոխանցումը, գիտահետազոտական համագործակցությունը և կարողությունների զարգացումը, որպեսզի զարգացող երկրները կարողանան արդյունավետորեն հետևել, կառավարել և վերականգնել իրենց կենսաբազմազանությունը», — նշել է Հուսեյն Ալի Մվինյին։