Կամբոջան հաստատում է իր հանձնառությունը բնապահպանական կայունությանը. մեր երկիրը գիտակցում է, որ բնությունն ու շրջակա միջավայրը կարևորագույն դեր են խաղում «կանաչ» աճի ապահովման, պարենային համակարգերի գործունեության, տնտեսական բարգավաճման և բնակչության բարեկեցության մեջ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդներ» գագաթնաժողովում հայտարարել է Կամբոջայի շրջակա միջավայրի նախարար Եանգ Սոպհալետը։

«Կամբոջայի՝ 2026–2030 թվականների կենսաբազմազանության պահպանման ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը «ճանապարհային քարտեզ» են, որոնք միտված են կենսաբազմազանության կորստի դադարեցմանը, էկոհամակարգերի և դրանց ծառայությունների վերականգնմանը, էկոհամակարգերի կայունության բարձրացմանը, ինչպես նաև բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խթանմանը։ Այս փաստաթուղթը Կամբոջայի ազգային առաջնահերթությունները կապում է գլոբալ բնապահպանական նպատակների հետ՝ միաժամանակ աջակցելով կայուն և ներառական զարգացման սկզբունքներին։

Երկրի տարածքի 39 տոկոսը հատկացված է պահպանվող բնական տարածքներին, ինչը գերազանցում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի նպատակային ցուցանիշը։ Բացի այդ, մենք ընդլայնում ենք ծովային պահպանվող տարածքների ցանցը։

Կամբոջան լիովին աջակցում է կենսաբազմազանության պահպանման ծրագրին և ընդգծում է, որ հաջողության հասնելու համար չափազանց կարևոր է վերացնել ֆինանսավորման գլոբալ պակասը՝ հստակ ֆինանսական մեխանիզմների ստեղծման, ռեսուրսների մոբիլիզացման և ամուր քաղաքական կամքի միջոցով։ Կամբոջան պատրաստ է համագործակցել գործընկերների հետ՝ կենսաբազմազանության կորստի դեմ պայքարելու և «բնության հետ ներդաշնակ կյանքի» հայեցակարգը կյանքի կոչելու համար»,- ընդգծել է նախարարը։