Վերջին տարիներին Հայաստանի ֆինանսական համակարգը զգալիորեն ամրապնդվել է, իսկ բանկերի կապիտալի ավելացումն ընդլայնել է նրանց հնարավորությունները՝ մասնակցելու խոշոր նախագծերի ֆինանսավորմանը։ Դրա մասին հայտարարել է «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ բանկինգի դեպարտամենտի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։

Ըստ նրա՝ եթե հինգ-վեց տարի առաջ նման մասնակցությունը սահմանափակվում էր, մասնավորապես, կարգավորող պահանջներով, ապա այժմ տեղական բանկերը պատրաստ են միանալ լայնածավալ ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը։ Միևնույն ժամանակ, հանքարդյունաբերական նախագծերի իրականացումը կապված է մի շարք մարտահրավերների հետ, որոնք պետք է հաշվի առնեն ինչպես ներդրողները, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունները։

Առանցքային հարցերից մեկը թույլտվությունների և լիցենզիաների ստացման գործընթացների կանխատեսելիությունն է։ Բանկերի համար կարևոր է, որպեսզի ներդրողը իրատեսորեն գնահատի անհրաժեշտ ընթացակարգերի անցման ժամկետները և դրանք ճշգրիտ արտացոլի ներդրումային ծրագրում։ Այդ հարցում անորոշությունը կարող է ազդել նախագծի իրականացման ժամկետների և դրա ֆինանսական մոդելի վրա։

Մեկ այլ էական գործոն է մետաղների գների և փոխարժեքների տատանումը։ Նույնիսկ եթե շուկայական ներկայիս իրավիճակը բարենպաստ է թվում, ներդրողը պետք է գնահատի պայմանների հնարավոր վատթարացման հետևանքները։ Դրա համար անհրաժեշտ է անցկացնել սթրես-թեստավորում՝ մոդելավորելով մետաղների գների նվազումը և փոխարժեքների էական փոփոխությունները, ինչպես նաև որոշել՝ արդյոք նախագիծն ունի՞ բավարար պահուստներ՝ անբարենպաստ շրջանը դիմակայելու համար։

Առանձին ուշադրություն պետք է դարձնել բնապահպանական և սոցիալական պատասխանատվությանը։ Ըստ Առաքելյանի՝ այդ հարցերը պետք է հաշվի առնել արդեն նախագծի նախապատրաստման սկզբնական փուլում։ Ներդրողի համար կարևոր է հենց սկզբից պահպանել կանոնավոր երկխոսություն տեղական իշխանությունների և հանրության հետ՝ ձեռնարկության երկարաժամկետ և անխափան գործունեությունն ապահովելու համար։

Մեկ այլ մարտահրավեր կապված է ներդրված միջոցների վերադարձի երկար ժամկետի հետ։ Հանքարդյունաբերական նախագծերը զգալի նախնական ներդրումներ են պահանջում, մինչդեռ եկամուտները սկսում են ստացվել տարիներ անց։ Նման պայմաններում հատկապես կարևոր է ճիշտ համադրել ֆինանսավորման աղբյուրները հանքավայրի զարգացման տարբեր փուլերում և հնարավորության դեպքում ներգրավել մի քանի ֆինանսական կազմակերպությունների միջոցներ՝ նվազեցնելով կապիտալի մեկ աղբյուրից կախվածությունը։

Վարկատուների համար կարևոր են ոչ միայն հանքավայրի հեռանկարայնությունը և նախագծի հնարավոր եկամտաբերությունը, այլև ներդրողի կարողությունը՝ այն իրականացնել նախատեսված ժամկետներում, կառավարել ռիսկերը և կատարել ֆինանսական պարտավորությունները։

Նա նաև տեղեկացրել է, որ ֆինանսավորման կառուցվածքը փոխվում է նախագծի զարգացմանը զուգընթաց։

Երկրաբանական հետախուզման փուլում անորոշությունը մնում է բարձր, ուստի միջոցների հիմնական աղբյուրը, որպես կանոն, ներդրողների սեփական կապիտալն է։ Այդ փուլում անհրաժեշտ է հաստատել հանքավայրի բնութագրերը և գնահատել դրա շահագործման հեռանկարները։ Շինարարության փուլում ֆինանսավորմանը կարող են միանալ բանկերը, իսկ որոշ դեպքերում՝ նաև միջազգային զարգացման ֆինանսական ինստիտուտները, եթե նախագիծը համապատասխանում է նրանց չափանիշներին։

Երբ ձեռնարկությունն արդեն գործում է և ծրագրում է ընդլայնում, միջոցների ներգրավման հնարավորությունները ավելի լայն են դառնում։ Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումից բացի, ընկերությունները կարող են օգտագործել տարբեր տեսակի համաձայնագրեր՝ ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։ Ըստ Առաքելյանի՝ կարևոր է ճիշտ համադրել կապիտալի աղբյուրները յուրաքանչյուր փուլում՝ հաշվի առնելով նախագծի ռիսկերի և ֆինանսական կարիքների փոփոխությունը։

Առաքելյանն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը «Ամերիաբանկ»-ի համար նույնպես կարևոր ոլորտներից է։ Բանկի հիմնական խնդիրը ոլորտի հետ աշխատանքում նախագծերի նախաձեռնողներին խորհրդատվություն տրամադրելու, ֆինանսավորում ներգրավելու համար համապատասխան գործընկերներ գտնելու և ֆինանսավորման կազմակերպման գործընթացն ուղեկցելու մեջ է։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։