Եթե ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկեին վարչապետի պաշտոնը նա կհրաժարվեր: Այս մասին, այսօր` մայիսի 24-ին, ասաց Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ի գործադիր նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում: Նրա հետ լրատվամիջոցների հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
Պարոն Աբրահամյան, Դուք ավելի շատ ցանկանում եք վարչապե՞տ դառնալ, թե՞ ԱԺ նախագահ:
Ցանկություն ունեմ, որ իմ որդին մի արու զավակ ունենա:
Իսկ քաղաքական ցանկություննե՞րը. ասում են վարչապետ դառնալու ցանկություն ունեք:
Եկեք չշտապենք, նման բան չկա: Մենք կուսակցությունով կորոշենք եւ մինչեւ մայիսի 29-30-ը կուսակցությունը որոշում կկայացնի եւ, իմ կարծիքով, լավ կլինի:
Բայց ամեն դեպքում Ձեզ օրենսդիրո՞ւմ եք տեսնում, թե՞ գործադիրում:
Իմ կարծիքով օրենսդիրում:
ԱԺ նախագահի պաշտոնո՞ւմ:
Դե կուսակցությունը դեռ չի որոշել, ես ոնց նման բան ասեմ: Ասեմ, պետք է ճիշտ չլինի չէ՞:
Բայց քննարկե՞լ եք այդ հարցը:
Մենակ դա չենք քննարկել, էնքան բաներ ենք քննարկել:
Ինչո՞ւ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա ձեւավորելուց:
Բայց դուք հարցը ճի՞շտ եք ուղղում ինձ:
Դե Դուք, ըստ լուրերի, ներկա եք եղել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը:
Չէ ես ներկա չեմ եղել:
Իսկ հրավեր եղե՞լ է ներկա լինելու:
Եթե հրավեր լիներ, ո՞նց ներկա չէի լինի: Ես հրավերքները շատ եմ հարգում:
Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որ Ձեզ վարչապետ նշանակեն, բայց Սերժ Սարգսյանը հրաժարվել է:
Չի համապատասխանում իրականությանը: Ես ճիշտ չեմ համարում բոլոր առումներով, որ որեւէ մեկ այլ կուսակցություն ինձ առաջարկի որեւէ պաշտոնում նշանակել: Դա ոչ միայն կոռեկտ չէ, այլ նաեւ ճիշտ չէ քաղաքական առումով: Իմ կարծիքով ես այնքան հնարավորություն ունեմ եւ ունեմ հեղինակություն մեր կուսակցությունում, որ որեւէ մեկի անհրաժեշտությունը չկա, որ ինձ առաջարկի, որեւէ պաշտոնում: Ես չեմ ընդունի նման առաջարկ անկախ նրանից ով է դա առաջարկում:
Իսկ հնարավոր համարո՞ւմ եք , որ ԲՀԿ-ն նախագահի իր թեկնածուով հանդես գա, որովհետեւ այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ 2013-ին չի սատարելու Սերժ Սարգսյանին:
Ես այդպես չեմ ընկալում:
Այսինքն` Դուք կարծում եք, որ ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանին 2013-ին:
Կապրենք կտեսնենք:
ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը Սերժ Սարգսյանի 2013թ-ի ընտրությունների ժամանակ խոչընդոտներ չի՞ ստեղծի:
Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես չեմ կարծում:
Բացառո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես կգա 2013-ին:
Քաղաքականության մեջ ոչ մի բան մի բացառեք, սիրելիներս:
Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա:
Դե նպատակահարմար չգտավ եւ ինքն իր հայտարարության մեջ շատ կոռեկտ, չափավոր հիմնավորել էր, թե ինչու համար:
Կանխատեսելի՞ էր Ձեզ համար նման պահվածքը:
Այո:
Ասում են երեք շաբաթ համոզում էիք ԲՀԿ-ին կոալիցիա մտնել:
Նման բան չի եղել, ոչ մեկը, ոչ մեկի չի համոզել: Դրա անհրաժեշտությունը չկա ընդհանրապես: Դուք ճիշտ եք մտածում, բայց սխալ հարցեր եք տալիս, ինչ-որ մտածում եք դա է լինելու: Մեզ համար կարեւոր էր, որ մամուլը արձանագրեր, որ ընտրություններն անցել են թափանցիկ, արդար: Դա մեզ համար մեծ հաջողություն ու ձեռքբերում էր: Իսկ ով կոալիցիա կկազմի, ինչ պորտֆել կվերցնի, դա արդեն կարեւոր չէ մեզ համար: Շատ լավ ապագա են տեսնում մեր երկրի, մեր ժողովրդի եւ մեր քաղաքական ուժերի համար:
Դեռեւս տարվա սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին կոնցեպտ առաջարկեց, որից հետո խոսվեց իշխանական ուժերի միջեւ սեպ խրելու մասին: Հիմա շատերն ասում են, որ Տեր-Պետրոսյանի գծած սցենարն աշխատել է:
Համաձայն չեմ: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ սեպ չի խրվել:
Այսօր նաեւ տեսակետ հնչեց, որ ԲՀԿ-ի հայտարարությունից հետո նրան սպասում է ՕԵԿ-ի ճակատագիրը: Նման հեռանկար տեսնո՞ւմ եք: ՀՀԿ-ի կողմից ճնշումներ կլինե՞ն ԲՀԿ-ի նկատմամբ:
Ոչ, ինչո՞ւ պետք է լինի: Նա ընդդիմություն չի: Իրենց հայտարարության մեջ գրված էր «խիստ կառուցողական» եւ, եթե իրենք իրենց խոսքը պահեն, միասին կհամագործակցենք շատ նորմալ է եւ ես չեմ գտնում, որ իշխանության մեկ թեւի կողմից մյուսի վրա պետք է ճնշում գործադրել: Իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա: Իսկ մենք նման տրամադրություն, մտադրություն չունենք:
Մամուլում քննարկվում էր, որ Դուք վարչապետ դառնալու ցանկություն ունեիք:
Ես նույնիսկ ԱԺ նախագահ եղած ժամանակ եմ հայտարարել, որ վարչապետ դառնալու ցանկություն չունեմ: Մեր վարչապետը շատ լավ աշխատում է եւ ես նման ցանկություն չու-նեմ:
Այսինքն, եթե Ձեզ վարչապետի պաշտոնը առաջարկեին կհրաժարվեիք:
Այո կհրաժարվեի:




























