Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել իր երկրի շահերը՝ ի պատասխան ռուսական հարձակումների։ Այսպես նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը Զելենսկուն անվանել էր ավելի բարդ զրուցակից, քան Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։
Զելենսկու խոսքով՝ Թրամփի հետ հանդիպումների ընթացքում իրենց միշտ հաջողվել է գտնել քննարկման թեմաներ և որոշումներ ընդունել։
«Ես պարզապես պաշտպանում եմ Ուկրաինայի շահերը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ պատասխանելով ամերիկացի առաջնորդի հայտարարությունների մասին հարցին։ «Եվ որքան էլ Ռուսաստանը փորձի սահմանափակել մեր բոլոր իրավունքները, ակնհայտ է, որ մենք իրավունք ունենք պաշտպանելու ինքներս մեզ»,- ընդգծել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը «չի ձգտում բանակցությունների որևէ ձևաչափով», այլ միայն «խաղում է բառերով»։ Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի առաջնորդը չի ցանկանում պատերազմի ավարտը, իսկ նրա գործողությունները «ծաղր» են խաղաղության հասնելու ջանքերի նկատմամբ։
Զելենսկին նաև բացատրել է, թե ինչու է հանդես գալիս ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ հնարավոր գործարքների դեմ։ Նրա խոսքով՝ նման պայմանավորվածությունները կարող են դառնալ առաջին քայլը գազային ոլորտում համաձայնագրերի կնքման և Ռուսաստանի, նրա բանկային հատվածի, քիմիական արդյունաբերության ու առանձին ռուսաստանցիների դեմ պատժամիջոցները թուլացնելու այլ փորձերի ուղղությամբ։
«Եթե ես չհակազդեմ դրան, եթե չպաշտպանեմ մեր շահերը, ապա էլ ո՞վ պիտի զբաղվի դրանով դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է Զելենսկին։





























