ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է այցելել աշխարհի ամենամեծ նավթավերամշակման համալիրը Հնդկաստանի Ջամնագար քաղաքում, որը պատկանում է միլիարդատեր Մուկեշ Ամբանիի Reliance Industries ընկերությանը։ Այցը տեղի կունենա դիզելային վառելիքի գների կտրուկ աճի ֆոնին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, հաղորդում է CNBC-ն։
Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ դիզելային վառելիքի շուկայում սահմանափակումները, հավանաբար, նաև հաջորդ տարի կպահպանեն բարձր գները։ Վառելիքի արժեքը զսպելու նպատակով, որից կախված են ամերիկացի բեռնատարների վարորդները, ագարակատերերը և տրանսպորտային ընկերությունները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի սկզբին կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը՝ ռուսական նավթի և նավթամթերքների մատակարարումները համաշխարհային շուկա թույլ տալու համար։
Ըստ փորձագետների՝ Reliance-ը Վաշինգտոնի հատուկ ուշադրությունն է գրավում ոչ միայն այն պատճառով, որ ընկերությունը ներդրումներ է կատարում ԱՄՆ-ում նավթավերամշակման գործարանի կառուցման մեջ, այլև նրա համար, որ դիզելային վառելիքի արտադրության իր զգալի հնարավորությունների շնորհիվ վենեսուելական նավթի խոշոր գնորդ է։
Ինչպես CNBC-ին հայտնել են փորձագետները, Թրամփի վարչակազմը Ռուբիոյի այցն առաջին հերթին օգտագործում է բիզնես պայմանավորվածությունները խթանելու, այլ ոչ թե քաղաքականությունը քննարկելու համար։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ ամերիկացի ընտրողները միջանկյալ ընտրություններից առաջ հատկապես մտահոգված են տնտեսության վիճակով։
Երեքշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց, որ հոկտեմբերի 17-22-ը Ռուբիոն կայցելի Ուզբեկստանի Սամարղանդ, ապա՝ Հնդկաստանի Մումբայ և Ջամնագար։ Հաղորդագրությունում Նյու Դելի այցի մասին չի նշվել։
Այս տարվա ընթացքում Հնդկաստան իր երկրորդ այցի շրջանակում պետքարտուղարը կհանդիպի հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաների և բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ «խթանելու առևտրային ներդրումների և տնտեսական համագործակցության հնարավորությունների զարգացումը», ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի կապերը Մուկեշ Ամբանիի հետ
Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը հայտնել է, որ Ռուբիոն կայցելի Reliance-ի նավթավերամշակման համալիրը Ջամնագարում։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, դիվանագետը ակնարկել է նաև, որ հանդիպմանը կարող է ներկա լինել հենց ինքը՝ Ամբանին։ «Հաշվի առնելով, որ Ամբանին գլխավորում է Reliance-ը, ես կարծում եմ, որ նա այնտեղ կլինի»,- ասել է Գորը։
Ավելի ուշ NDTV հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում դեսպանը պարզաբանել է, որ Ջամնագարը ներառվել է երթուղու մեջ՝ հաշվի առնելով Reliance-ի «տպավորիչ» ներդրումները ԱՄՆ-ում նոր նավթավերամշակման գործարանի նախագծում։
Ըստ Teneo խորհրդատվական ընկերության Հարավային Ասիայի հարցերով խորհրդական Արպիտ Չատուրվեդիի՝ նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ ԱՄՆ-ը բախվել է դիզելի բացառիկ բարձր գներին, և Թրամփի վարչակազմը ուղիներ է փնտրում վառելիքի հասանելիությունն ավելացնելու համար։
Ջամնագարն ունի «նավթի վերամշակման զգալի արտահանմանն ուղղված հզորություններ», ինչն այն դարձնում է ԱՄՆ-ի համար գրավիչ գործընկեր նավթամթերքների, ներառյալ՝ դիզելի, հնարավոր մատակարարումների հարցում, նշել է փորձագետը։
Ամբանին, որին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն անցյալ շաբաթ անվանել էր «Հնդկաստանի իսկական ղեկավարը», ամրապնդում է հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ։ Մարտին ամերիկյան նախագահը շնորհակալություն էր հայտնել Reliance-ին ԱՄՆ-ում վերջին 50 տարիների ընթացքում առաջին նոր նավթավերամշակման գործարանի կառուցման նախագծում «հսկայական ներդրումների» համար։
Reliance-ը, որի վերահսկիչ բաժնեմասը պատկանում է Ամբանիի ընտանիքին, միաժամանակ դարձել է ԱՄՆ-ից դուրս վենեսուելական նավթի երկրորդ խոշոր գնորդը։ Ընդ որում, Հնդկաստանի պետական նավթային ընկերությունները մեծ հաշվով չեն արձագանքել վենեսուելական հումքի գնումները մեծացնելու մասին Թրամփի կոչերին։
Վաշինգտոնյան DGA Albright Stonebridge Group խորհրդատվական ընկերության գործընկեր Ատման Տրիվեդին հայտարարել է, որ Ռուբիոն մտադիր է նաև ուշադրություն հրավիրել Է Թեքսասում մեծ նոր նավթավերամշակման գործարան կառուցելու Reliance-ի ծրագրերի վրա։ Նախագիծն իրականացվում է նահանգում, որտեղ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նախընտրական պայքարը ազգային մակարդակով մեծ ուշադրություն է գրավում։





























