Հանքարդյունաբերության համար անհրաժեշտ են հարկային ռեժիմի և օրենսդրության երկարաժամկետ կայունություն, քանի որ կանոնների հաճախակի փոփոխությունները խանգարում են բիզնեսին ֆինանսական մոդելներ կառուցել և պլանավորել գործունեությունը։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։

Նրա կարծիքով՝ ֆինանսական գործիքները պետք է ծառայեն ոչ միայն ֆինանսական արդյունքների հասնելուն, այլև պետական օրակարգի առաջմղմանը և կառավարության քաղաքականության իրականացմանը։ «Այս ոլորտի համար ամենակարևոր հարցը, իմ կարծիքով, կանխատեսելիությունն է»,- ընդգծել է փոխնախարարը։

Նա պարզաբանել է, որ հանքարդյունաբերությունը ենթադրում է երկարաժամկետ ներդրումներ․ ներդրումային ծրագրերն ու ֆինանսական մոդելները հաշվարկված են երկար ժամանակահատվածի համար, իսկ նախագծերն իրենք կարող են ձևավորվել 20 տարվա ընթացքում։ Հետևաբար, կանոնների կայունությունը ոլորտի համար սկզբունքային նշանակություն ունի։

Միևնույն ժամանակ, ըստ Գասպարյանի, վերջին 11 տարիների ընթացքում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը մի քանի անգամ փոխվել է։ Փոփոխությունների նման հաճախականությունը դժվարացնում է որակյալ ֆինանսական մոդելավորումը և չի նպաստում երկարաժամկետ պլանավորմանը։ Որպես ուղենիշ՝ փոխնախարարն առաջարկել է դիտարկել միջազգային փորձը։ Մասնավորապես, նա օրինակ է բերել այնպիսի համակարգ, որտեղ հարկաբյուջետային ռեժիմը 20 տարվա ընթացքում փոխվել է ընդամենը երկու-երեք անգամ։

Գասպարյանն ընդգծել է, որ հարկաբյուջետային քաղաքականության և օրենսդրության կայունությունը երկարաժամկետ հեռանկարում չափազանց կարևոր է հանքարդյունաբերության համար։ Նրա գնահատմամբ՝ նման երաշխիքների առկայության դեպքում ոլորտը, հնարավոր է, պատրաստ լիներ ավելի շատ վճարել, քանի որ կանխատեսելի պայմանները բիզնեսին հնարավորություն կտային ավելի վստահ պլանավորել ներդրումները։

Միաժամանակ, նրա կարծիքով, պետական քաղաքականությունը պետք է ձևավորվի մասնավոր հատվածի մասնակցությամբ։ Ձևավորված օրակարգի և ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների բացակայությամբ կանոնների մշակումն կարող է լուրջ խնդիր դառնալ։ Փոխնախարարը նաև ուշադրություն է հրավիրել հարկային գործիքների կիրառման տրամաբանության վրա։ Հարցը բիզնեսի տեսանկյունից դիտարկելով՝ նա նշել է, որ հասույթից, այդ թվում դրա մի մասից, ռոյալթիի վճարումը կարող է զգալի բեռ դառնալ ընկերությունների համար։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։