Արագ սննդի ռեստորանների KFC ցանցը 2027 թվականի հունվարից ԱՄՆ-ում իր հաստատություններում կսկսի Pepsi ըմպելիքները փոխարինել Coca-Cola-ի արտադրանքով։ Դրա մասին հոկտեմբերի 15-ին ընկերության՝ The Coca-Cola Company-ի մամուլի ծառայությունը զետեղել է իր պաշտոնական կայքում։

«2027 թվականի հունվարից սկսած KFC-ն ԱՄՆ-ում իր ըմպելիքների տեսականին կփոխանցի Coca-Cola ընկերությանը, և ակնկալվում է, որ Coca-Cola-ի արտադրանքը մինչև 2027 թվականի գարունը կներկայացվի ԱՄՆ-ի բոլոր ռեստորաններում»,- ասվում է հրապարակման մեջ։

KFC-ի նախագահ Քեթրին Թան-Գիլեսփին նշել է, որ գործընկերությունն ուղղված է ոչ միայն ըմպելիքների փոփոխությանը, այլև ռեստորանների զարգացմանն ու այցելուների սպասարկման բարելավմանը։ Նրա կարծիքով՝ Coca-Cola-ի հետ համագործակցությունը կօգնի ցանցի առաջարկը ժամանակակից հաճախորդների համար ավելի արդիական դարձնել։

Այս գործարքով ավարտվում է KFC-ի և PepsiCo կորպորացիայի միջև գրեթե 40-ամյա գործընկերությունը։ Ըստ The New York Post պարբերականի՝ ընկերությունների սերտ համագործակցությունը սկսվել էր այն ժամանակաշրջանում, երբ PepsiCo-ն ձեռք էր բերել ռեստորանների ցանցը՝ սեփական բիզնեսն ընդլայնելու նպատակով։

Պատմականորեն KFC-ն, Pizza Hut-ը և Taco Bell-ը մինչև 1997 թվականը մտնում էին PepsiCo-ի ռեստորանային ստորաբաժանման կազմի մեջ։ Ավելի ուշ դրանք առանձնացվեցին անկախ Tricon Global Restaurants կառուցվածքի մեջ, որը հետագայում ստացավ Yum! Brands անվանումը։